Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը. ՀՅԴ պահանջագիրը

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պահանջագիր է ներկայացրել. 2015թ-ի Ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Հարյուրամյակի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին: Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգին եղեռնի գլխավոր վկաներից է: Մինչ մեկ ու կես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հանդես եկավ միացյալ հայտարարությամբ՝ չվարանելով համատարած սպանդը դատապարտել որպես «Թուրքիայի նոր ոճիրներ մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Բրիտանիայի խորհրդարանը 1916-ին հրատարակում է բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնպիի «Կապույտ գիրքը», որն իր մեջ ամփոփում է բծախնդրորեն փաստագրված տեղեկություններ և ականատեսի վկայություններ օսմանցի թուրքերի ձեռքով հայերի կոտորածի մասին: Իր հերթին Ուինսթոն Չերչիլը հայոց սպանդը որակում է որպես «քաղաքական նպատակներով ծրագրված և գործադրված» «վարչական հոլոքոսթ», որը նպատակադրել է «բնաջնջել մի ցեղ»: Ակնհայտ է, որ բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ գործադրված ոճիրի իրականությունը: Ապրիլ 24-ին ընդառաջ քննության առարկա են Մեծ Բրիտանիայի կառավարության և խորհրդարանի կողմից որդեգրվելիք դիրքորոշումները: Հարյուրամյակը պատեհ առիթ է Բրիտանիայի համար՝ լքելու լռակյաց ականատեսների շարքերը և միանալու արդարամիտ այն երկիրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նույն Բրիտանիայի շահերը պահանջում են անհապաղ զատվել Թուրքիայի ժխտողական և պատմությունը խեղաթյուրող քաղաքականությունից: Իբրև ժառանգներ Հայոց ցեղասպանության վերապրողների՝ կոչ ենք ուղղում Բրիտանիայի կառավարությանը՝ վերանվաճել 1915թ. մայիսին դրսևորած բարոյական սկզբունքը՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ զերծ մնալ բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավը ու անարգում են նրանց հիշատակը: Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկը և հետապնդել՝ պատմական արդարության վերահաստատումը ու հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնումը: Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանից՝ նախաձեռնել և որդեգրել բանաձևեր, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանությունը, կդատապարտեն հանցագործներին և կքրեականացնեն ցեղասպանության ժխտումը: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նշման նախօրյակին մենք՝ Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներս, հաստատում ենք, որ ավելի քան երբևէ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքների արդար դատի հետապնդման գործում:   02 Ապրիլ 2015թ. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն