Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանին կենտրոնում հրաժարվել են տարածք տրամադրել

Քաղաքականություն
himnadir1

Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի իրազեկումը ապրիլի 24-ին ժ. 15.00-22.00-ը «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում հավաքի անցկացման վերաբերյալ։ Հիմնադիր խորհրդարանը հավաքի ընթացքում ցանկանում էր նաեւ Երեւանի կենտրոնով երթ անցկացնել՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։ Սակայն այս հարցում սահմանվել է սահմանափակում։ Առաջարկվել է երթն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։ Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Երեւանի կենտրոնում հրաժարվել են իրենց տարածք տրամադրել եւ առաջարկել են Գայի արձանի կամ Էրեբունու թանգարանի մոտի հրապարակները։ «Ճիշտն ասած, դեռ ինքներս չենք որոշել՝ Էրեբունու մոտ կանենք, թե մեկ ուրիշ տեղի համար լրացուցիչ կդիմենք։ Դեռ պաշտոնական չենք հայտարարում, որ դա վերջնական վայրն է, բայց քանի որ այս պահի հնարավոր տարբերակն է, չհրաժարվեցինք։ Առաջիկա օրերին կմտածենք»,- «Ա1+»-ին ասաց Վարուժան Ավետիսյանը։ Նրա խոսքերով՝ հնարավոր էր տարբերակներ գտնել,սակայն հասկանալի է, որ իրենք վերեւից հստակ ցուցում են ունեցել։ «Մենք վերահսկողությունից դուրս միակ քաղաքական ուժն ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ռեժիմին հեռացնելու օրակարգ ենք առաջ քաշել եւ գործնական քայլերով գնում ենք այդ ուղղությամբ։ Այնպես որ, ամեն ինչ պարզ է»,-եզրափակեց նա։