Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանի քայլերը հուսահատությունից չեն դրդված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ii9vVi8p_mI

Ապրիլի 24-ին ընդառաջ Հիմնադիր խորհրդարանի` «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով բողոքի ակցիաները երկրին որեւէ դրական արդյունք չեն տա` hամոզված է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը. «Նման կոչերը կարող են սասանել մեր երկրի, պետության վարկանիշը միջազգային հանրությունում»: Բերձորյան իրադարձություններից հետո մարտի 28-ին Գյումրիում եւս տեղի ունեցավ բռնություն Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ` ձվեր նետեցին հավաքի մասնակիցների ուղղությամբ եւ դանակահարվեց խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը: Վահան Բաբայանը անթույլատրելի է համարում բռնությունները` համարելով, որ իրավապահ մարմինները պետք է վերահսկեն երկրի ներքին կայունությունը,բայց միաժամանակ մի նկատառում ունի. «Հասարակության կամ նույն գյումրեցիների, կամ այլ տեղերի, այդ թվում նաեւ` Արցախում տեղի ունեցած բերձորյան հայտնի իրադարձությունների շրջանակներում մարդիկ կարող են իրենց վրդովմունքն ու իրենց տեսակետները հայտնել նաեւ ոչ օրենքի կամ կուլտուրայի կամ էթիկայի շրջանակներում, քանի որ խոսքը գնում է ազգային արժեքների եւ ընդհանուր առմամբ Ցեղասպանության 100-ամյակի հիշատակի հարգման ուղղությամբ»: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին անհասկանալի են Ժիրայր Սեֆիլյանի եւ Հիմնադիր խորհրդարանի քայլերը, առավելեւս երբ խորհրդարանական եւ արտախորհրդարանական որեւէ ուժ չի սատարում նրանց. «Եթե հասարակության մի որոշակի հատված դա մերժում է, չի ընդունում, առնվազն այստեղ խնդիր կա, որը կարելի է քննարկել»: Նա եւս դատապարտելի է համարում բռնությունները, սակայն հիշեցնում է, որ Ցեղասպանության 100-ամյակը չպետք է օգտագործել այլ նպատակներով. «Պետք է նորից կոչով դիմեմ բոլոր մեր հայրենակիցներին, այդ թվում նաեւ` Ժիրայր Սեֆիլյանին, ապրիլի 24-ը եւ 100-րդ տարելիցը թողնենք իր գաղափարի, իր այդ տեսակի մեջ, որ բոլորը հասկանան, որ այդ տարելիցը մենք պետք է ազգովին նշենք, տանենք դեպի նրան, որ ամբողջ միջազգային հանրությունը հասկանա, որ մենք միասնական ենք այստեղ»: Հիմնադիր խորհրդարանը նաեւ կոչ էր արել չմարել բանկերից վերցրած վարկերն ու տոկոսները` մինչեւ գործող հանցավոր ռեժիմի հեռացումը: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ հավելյալ պարզաբանել է` շարժումը ծրագրում է ռեժիմին հեռացնել շատ կարճ ժամանակահատվածում՝ ապրիլի 24-ից սկսած մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ «Եթե մենք խոսում ենք իրավական պետության մասին, նույն Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում, որ ռեժիմը գնա, մենք պետք է իրավական պետություն ստեղծենք, առաջինը ինքը պետք է հետեւի այսօրվա օրենքներին»,- ասում է Հովհաննես Սահակյանը։ Արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանի այս քայլերը հուսահատությունից չեն դրդված, երբ ընդդիմադիր մյուս ուժերը հապաղում են իշխանափոխության հարցում: Ըստ Վահան Բաբայանի` իշխանափոխությունը բարդ հաշվարկների հետ է կապված, եւ դրա գնահատականներն իրենք կտան հերթական ընտրությունների ժամանակ. «Ինչի արտահերթ ընտրություններ կա՞ն մեր երկրում: Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում, քանի որ այս պրոցեսները մեր առջեւ որեւէ նման քաղաքական ենթատեքստ կամ դրդապատճառ չունեն»: