Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտահոգիչ են էթնիկ և կրոնական բռնություններն ու հարձակումները

Քաղաքականություն
0f87a80b9bd0c8a6981cbf95ca07963d

Մարտի 26-ից 27-ը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Էթնիկ և կրոնական հողի վրա հարձակումների և բռնությունների զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով բաց քննարկմանը: Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի նախագահության ներքո անցկացված քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը, Իսպանիայի, Ավստրիայի, Կանադայի և Լիբանանի ԱԳ նախարարները, ՄԹ-ի, Անգոլայի, Չիլիի փոխարտգործնախարարները: Հրավիրված էին նաև Մերձավոր Արևելքի քրիստոնեական և այլ համայնքների ներկայացուցիչներ: Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ Մերձավոր Արևելքում միջազգային հանրությունն առերեսվում է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման ահագնացող երևույթներին, որոնք ուղղված են հատկապես էթնիկ և կրոնական խմբերի` ներառյալ քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների դեմ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ հայերը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, բարոյական պատասխանատվություն են կրում փոքրամասնությունների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության գործում: Նյու Յորք կատարած իր այցի շրջանակներում նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի հետ: Արդյունավետ գնահատելով 2014թ. սեպտեմբերին ՄԱԶԾ կառավարչի` Հայաստան կատարած այցը` կողմերն անդրադարձան մշակման ավարտական փուլում գտնվող Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակի (UNDAF 2016-2020) և ՄԱԶԾ հայաստանյան նոր ծրագրի փաստաթղթերի (CPD - 2016-2020) նախագծերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մտահոգություն արտահայտելով ազգային, էթնիկական և կրոնական փոքրամասնությունների ու քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության ահագնացող դեպքերի առնչությամբ: