Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջոցառումներ՝ Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակին ընդառաջ

Քաղաքականություն
70

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները: Ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր: Նույն օրը Հանրապետության հրապարակարում ևս կանցկացվի տոնական մեծ համերգ և հրավառություն՝ 70 համազարկով: Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին: Տարվա ընթացքում կկազմակերպվի գիտագործնական կոնֆերանս, կհրապարակվեն ակադեմիական հոդվածներ, «Մայր Հայաստան» և հանրապետության մյուս թանգարաններում Հայրենական Մեծ պատերազմի թեմայով կանցկացվեն հոբելյանական ցուցահանդեսներ, հուշ ցերեկույթներ, կտպագրվի նաև հոբելյանական գրականություն: Երևանում և մարզերում կցուցադրվեն հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ: Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն  հանդիպումներ վետերանների  մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթ: Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», ինչի շրջանակում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում: Տարվա ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն նաև առողջարանների և հանգստյան տների ուղեգրերով: Նիստին ներկա «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վետերանների ամենամսյա պատվո վճարը կրկնապատկելու ՀՀ կառավարության ընդունած որոշման համար և նշել, որ այն խանդավառությամբ է ընդունվել վետերանների կողմից: Վարչապետ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: