Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո որոշել են կոդերով խոսել (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahram-Bagdasaryan

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի կոդավորված ելույթը դարձել է քաղաքական ուժերի քննարկման թեման։ «Թույլ տվեք` մենք էլ կոդերով խոսենք իր նման», ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Առաջին նախագահը երեկ Մարտի 1-ի զոհերի հիշատակի հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասել էր. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26` կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»։ Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Լեւոն Տեր Պետրոսյանի գնահատականները պետք է մեկնաբանեն ընդդիմադիրները։ Իրենք եզրակացություններ են անում։ «Այ մեր խնդիրը հենց նրանում է կայանում, որ նույնիսկ իրար հետ գաղափարական ճանապարհ անցած մարդիկ այսօր մեծ հակասությունների մեջ են, իսկ այն մարդիկ, որոնք պարզապես որեւէ գաղափարական նմանություն չեն ունեցել մեկը մյուսի հետ, ինչ-որ նպատակի շուրջ ցանկանում են միավորվել։ Եռյակի վառ օրինակը»: ԲՀԿ-ից դուրս եկած, սակայն իրեն անկախ պատգամավոր հայտարարած Արագած Ախոյանը, ճիշտ է, չի հասկացել` ում եւ ինչ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն նրան մի բան հաստատ դուր չի եկել. «Բոլոր այդ ձեւակերպումները ինձ համար խորթ են: Օրինակ` սկսենք նրանից` ինչ է նշանակում նախ «100-ամյակն առանց ռեժիմի»: Էն մյուսը ինչ-որ ցախավել, փոխկապակցված ինչ-որ բաներ են խոսում: Ինձ համար անհասկանալի են»: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց նաեւ` եթե որոշ ընդդիմադիրներ ցանկանում են ՀԱԿ-ից ավելի արագ ու արդյունավետ հասնել իշխանափոխության, ապա մարտի 2-16-ը նրանց է տրամադրում արտոնված իր բոլոր 15 հանրահավաքները «Եթե ունակ են համախմբման եւ մասսաններին իրենց հետեւից տանելու, ուրեմն ականջալուր կլինեն, եթե ոչ, դա արդեն իսկ փաստ է, որ նրանք ունակ չեն նոր շարժում ձեւավորելու եւ զբաղեցնելու ընդդիմադիր, արմատական ուժերի տեղը Ազատության հրապարակում եւ դրանով կփաստեն, որ իրենք իրավունք չունեն հավասարության նշան դնել իրենց ու առաջին հիմնադիր նախագահի միջեւ»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ պատգամավորը կարծում է՝  կյանքը ցույց կտա, թե այդ ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն ինչի է ունակ։