Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն. ԿԲ-ն պարզաբանում է

Տնտեսություն
c7f83c602fc2b5067d9a8966c9c27555

Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումն է: Այն ուղղված չէ որևէ բանկի փակմանը, կամ բանկերի քանակի նվազեցմանը: Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից, այլ բան պետք չէ ակնկալեն: ՀՀ կենտրոնական բանկ