Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչով էր Սամվել Մկրտչյանը զբաղված Մեծ Թալանի տարիներին» (տեսանյութ)

Մշակույթ
Samvel_Mkrtchyan_photo-360x273

«... Ես կպատասխանեի, որ «Ուլիսես» -ն էի թարգմանում, եթե բախտս բերեր ու հարցնեիք, թե ինչով էր Պրն. Մկրտչյանը զբաղված Մեծ Թալանի տարիներին…» Այդ հարցը միգուցե և չհնչեց, փոխարենը Դուբլինում՝ Ջեյմս Ջոյսի թանգարանում Սամվել Մկրտչյանի «Ուլիսեսի» հայերեն թարգմանությունն իր տեղն ունի այդ գրքի եզակի թարգմանությունների շարքում։ Թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն այսօր, նրա ծննդյան օրը տեղադրվեց, Գայի պողոտայի 27 հասցեում, որտեղ Սամվել Մկրտչյան անհատը ապրեց ու կյանքից անժամանակ հեռացավ։ Նրա համար թարգմանությունը ստեղծագործական գործընթաց էր, ու ինչպես ինքն էր ասում, մարտահրավերի պես մի բան, որը պետք է հաղթահարել: «Մենք պարզապես տեղյակ չենք մեր լեզվի պոտենցիալից, - ասում էր նա, - Հայերենը, փաստորեն, այն լեզուն է, որը հնարավորություն է տալիս թարգմանելու Ջոյսի անգլերենը»: «Գրքի գինը չի կարևոր, գրքի արժեքն է կարևոր, -ասում էր «Արտ» գրականություն հանդեսի գլխավոր խմբագիրը,- և գիրքը պետք է գնել, ոչ թե նվիրել» Համարում էր, որ մտավորականը պետք է միշտ ընդիմադիր լինի: «Մեզ, ազատներին ու անազատներին սեր էր պետք, և Beatles-ը բերեց այդ սերը,-ասում էր նա:- Beatles-ն ինձ օգնել է, հիմա էլ՝ ավելի քան 30 տարի անց, մթնոլորտը պակաս գաղջ ու իմաստազուրկ չէ՝ շարունակում է օգնել:» Երևանում ամենաբիթլական վայրն էր իր բնակարանը: Կիթառ էր նվագում: Ու հին ընկերներով հաճախ հավաքվում էին՝ վերապրելու անցյալի հնչյունները: