Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի շինարարություն քաղաքի կենտրոնում. Կտրել են ծառերն ու տարածքը փակել (տեսանյութ)

Հասարակություն
shinararutyan-nkar-2

Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում քանդում են բնակիչների մի քանի քառակուսի մետր կանաչապատ հողատարածքը՝ հասարակական նշանակության շինություն կառուցելու համար։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնում են այդ հասցեի բնակիչները։ Այսօր այստեղ էր նաև Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ում բնակիչները դիմել էին օգնություն ստանալու խնդրանքով ։ «Մարդիկ, ովքեր անցուդարձ են անում այս մայթով, որը քանդել են արդեն, մարդկանց անվտանգությունը, էկոլոգիական խնդիրները, տգեղությունը, քաղաքաշինության բազմաթիվ նորմերի խախտում, այս ամբողջն իրար գումարած մարդկանց մոտ շատ լուրջ զայրույթ է առաջացրել»,- նշում է տիկին Բախշյանը՝ հավելելով նաև,որ ինքն անձամբ խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու համար երեկ պաշտոնական նամակով դիմել է քաղաքապետին, սակայն դեռ պատասխան չի ստացել։ «Ամենակարևորը՝ թե ու՞մ է պատկանում այդ հողը, ով է դրա սեփականատերը, եթե անգամ պարզվի, որ սեփականատերը այն մարդն է , ով կառուցապատում է, միևնույն է, ինքը իրավունք չունի անել այն, ինչ իր քեֆին է փչում»,-ասաց տիկին Բախշյանը։ Իսկ բնակիչների խոսքերով՝ կառուցվելիք շինությունը պատկանելու է ոմն Վահագն Դավթյանի, ով հայտնի է որպես «Վան» հյուրանոցային համալիրի սեփականատեր։ Բնակիչները դժգոհում են, որ մինչ շինարարություն սկսելը իրենց որևէ մեկը չի նախազգուշացրել այդ մասին, այլ պարզապես երեկվա դրությամբ միանգամից եկել են աշխատողները, կտրել ծառերը, ու պաստառներով փակել տարածքը։ «Մենք պատրաստվում ենք երկուշաբթի օրը ստորագրահավաք կազմակերպել ընդդեմ այս ապօրինի շինարարության, դիմելու ենք նաև քաղաքապետարան, որպեսզի դադարեցվի այս ապօրինությունը մեր բակի այդ փոքր հատվածում, որը մեր մուտքուելքի միակ ճանապարհն ու երեխաների խաղատեղին է։ Նույնիսկ չգիտենք էլ, թե ինչ են էստեղ սարքելու, անհասկանալի սև ապակիներով երկհարկանի շինության նկար են կպցրել, բայց չեն մտածում, որ այդ փոքր տարածքում ինչպես կարելի է նման բան կառուցել՝ մեր լույսն ու ճանապարհն են փակում»,- շեշտում են նրանք։ Մանրամասները՝ տեսանյութով Diana- shinararutyan nkar