Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասուն ես պահում՝ համապատասխան գոմ ունեցիր. Փոխհատուցում չի լինի (տեսանյութ)

Տնտեսություն
kover-3

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը շեշտում է, որ այս տարվա ընթացքում 2.5 տոկոսով աճել է անասնագլխաքանակը։ Նրա խոսքերով՝ ոչխարի գլխաքանակը կկազմի մոտավորապես 753 հազար, իսկ տավարինը՝ 694 հազար։ Փոխնախարարի տեղեկացմամբ՝ մսամթերքի շուկայում արձանագրված գնաճն էլ պայմանավորված է շուկայական հարաբերություններով և իհարկե գալիք Ամանորով։ Մսամթերքի արտադրության ծավալներով փոխնախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանը ինքնաբավ համարվող երկիր է։ Իսկ ձկնարտադրության ոլորտի հետ կապված նա նշեց. «Ընթացիկ տարում՝ մինչև տարեվերջ, կարտահանվի 2300 տոննա ապրանքային ձուկ, որը շուրջ 100 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։ Այդ ուղղությամբ նախարարությունը համապատասխան աշխատանքներ իրականացրել է՝ կապված արտահանման նույնացման հետ»։ Հիվանդ կենդանիների հայտնաբերման և ոչնչացման հետ կապված էլ պարոն Բաղիյանը ասաց, որ ստուգայցեր են կատարվել հանրապետության մի շարք մարզերում, սակայն բրուցելոզով հիվանդ անասուններ հայտնաբերվել են միայն Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Նրա խոսքերով՝ այսօր էլ շարունակվում են հիվանդ կենդանիների հայտնաբերման և հարկադիր սպանդի ենթարկելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ «Մենք 5 սպանդանոց ենք կառուցել, ևս մի քանիսը նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում կառուցել, որպեսզի հիվանդ կենդանիների մորթը կատարվի համապատասխան վայրում»,-նշեց նա։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք փոխհատուցում տրվելո՞ւ է այն գյուղացիներին , ովքեր մեծապես տուժել են գայլերի հարձակումներից՝ մեծ վնասներ է կրել գյուղացիների տնտեսությունը, փոխնախարարը ի պատասխան նկատեց, որ դա իրենց գործառույթը չէ։ Այս համատեքստում նա հավելեց նաև. «Այդ հարցում մեր ֆերմերներն էլ իրենց մեղքի բաժինը ունեն, եթե իրենք անասնապահությամբ են զբաղվում, ապա պետք է համապատասխան գոմ ունենան, համապատասխան կերպով պաշտպանեն իրենց տնտեսությունը, եթե չունեն , և կենդանիները այս ու այն կողմում են արածում, ապա գայլն էլ , շունն էլ կարող է հարձակվել ու հոշոտել»։