Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբոյի ֆեդերացիան դժգոհ է պետական ֆինանսավորումից

Սպորտ
sport-sambo

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան դիմել է ուղերձով ՀՀ բոլոր մարզական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անդամակցում է FIAS-ին և առաջնորդվում է վերջինիս կանոնակարգով, որը սամբո ըմբշամարտը դիտարկում է մարզական և մարտական ձևերի ամբողջություն՝ առանց տարանջատումների, հանրահռչակում է այն և անցկացնում աշխարհի և Եվրոպայի առաջնություններ ու գավաթի խաղարկություններ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կարծում է, որ հայկական սպորտի պատասխանատուները, ԶԼՄ ներկայացուցիչները նույնպես պետք է առաջնորդվեն այսկերպ, ինչպես դա արվում է ծանրամարտի (հրում, պոկում, երկամարտ), սուսերամարտի (խոցասուսեր, ճկասուսեր, թրասուսեր), աթլետիկայի (գնդի հրում, սկավառականետում, հեռացատկ, վազք և այլն) պարագայում, երբ նվաճած մեդալները՝ մեծ եւ փոքր բրոնզ, արծաթ, ոսկի, ընկալվում են հավասարապես: Սամբոն պետք է դասվի նույն շարքում, առանց մարզական ու մարտական ձևերի տարանջատման: Մեզ համար կարեւորը հաղթանակն է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ծածանումն ու հայոց օրհներգը հնչեցնելը: Ուրախ ենք, որ հայ մարզիկները պետության կողմից ճանաչված եւ պետության կողմից ֆինանսավորվող մարզաձևերից 2014 թ. անցկացված աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 118 մեդալ, կրկնակի ուրախ ենք, որ դրանցից 24-ը վաստակել են Հայաստանի սամբիստները եւ հատկապես հպարտ ենք մեր ոսկե մեդալակիրներով, որոնց պատվին նույն այդ առաջնություններում 5 անգամ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Ի դեպ, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայ մարզիկների նվաճած ընդհանուր մեդալների թվի ավելի քան 20 տոկոսը բաժին է ընկնում սամբիստներին, մինչդեռ՝ պետության ֆինանսավորման ընդամենը 2 տոկոսն է հատկացվում Հայաստանի սամբոյի ֆեդերացիային: Եվ այսպես տարիներ շարունակ: