Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է 6 քրեական գործ՝ ավտոմեքենաների հրկիզման դեպքերի կապակցությամբ

Հասարակություն
hqk

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երեւանի տարբեր հասցեներում 6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 1 դեպքի վերաբերյալ գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, եւս 1 դեպքի վերաբերյալ՝ 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։ Այսպես՝ - 2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող: - 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Լուսինե Գալստյանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը, անվաթեւը եւ հետեւի նստատեղը՝պատճառելով զգալի չափի գույքային վնաս։ Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ - 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ից մինչեւ նոյեմբերի 27-ը՝ ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Հարությունյանի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հետեւի անվաթեւը, վահանակի ձախակողմյան անվադողը, անվահեծը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։ Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ - 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01։30-04։20-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Հակոբյանին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետնամասը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Վ.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ - 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ից մինչեւ նոյեմբերի 27-ը՝ ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ այրել Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, քանի որ ավտոմեքենայի առջեւի հատվածում հայտնաբերվել է ծառի ճյուղ՝ պոլիէթիլենային տոպրակով եւ այլ դյուրավառ հեղուկի հետքեր։ Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ - 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Սարգսյանին պատկանող «Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նշված բոլոր քրեական գործերով նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ քրեական գործերով քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին