Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ամենը հիշեցնում է Կապիկների մոլորակը

Քաղաքականություն
hakaharvac_1

«Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանն այսօրվանից ճանաչվել է տուժող։ Գլխավոր դատախազության կարգադրությամբ՝ երկրորդ անգամ է վերացվում քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ-ի որոշումը, ըստ որի`Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմ չկա։ «Դա մի քիչ հուսադրող է, որ դատախազությունը ի վերջո որոշում կայացնի այս գործով, որը ձգձգվեց եւ ծիծաղելի վիճակի մեջ մտավ»,- ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։ Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ 0-ից նորից քրեական գործ պետք է հարուցվի։ Սա կլինի նույն գործով՝ երրորդ քննությունը։ Նախորդ երկու քննությունների ժամանակ, Մարինե Խաչատրյանը կանչվել է հարցաքննության վկայի կարգավիճակով։ «Այստեղ ակնհայտորեն երեւում է, որ ՀՔԾ-ն չի ուզում օբյեկտիվ քննություն վարի։ Երբ լրագրողը տուժել է, հարված է ստացել, այս պարագայում հանցագործություն չի տեսնում, կարծում եմ, այդպիսի քննիչը իրավունք չունի այդ համակարգում աշխատել»,- նշում է Աշոտ Մելիքյանը։ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը համոզված է՝ պարբերաբար գործեր հարուցելով եւ այնուհետ մերժելով՝ լրագրողական հանրության համբերությունն են ստուգում.«Ես իմ կողմից ցանկանում եմ հայտնել, որ հոգնելու տրամադրություն չունենք։ Մենք սովորել ենք տարիներով պայքարել եւ սպասել»։ Հատուկ քննչական ծառայությունը գործի հարուցումը մերժելիս, հիմնավորում էր, թե ԱԺ անվտանգության պետը նման պահվածք է դրսեւորել՝ չիմանալով, որ Մարինե Խաչատրյանը լրագրող է։ Մինչդեռ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելուց առաջ՝ լրագրողներից մեկը անվտանգության աշխատակիցներին բոլորի անունից ասել է. «Մենք լրագրողներ ենք»։ « Երբ նայում եմ այս գործընթացներին, որ ընդհանրապես կատարվում է մեզ մոտ, նմանեցնում եմ վարժեցրած կապիկների հանդեսի, որտեղ բոլորը իրենց դերը գիտեն եւ մեխանիկորեն կատարում են այդ դերը՝ տարիներ շարունակ»,- եզրափակում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։