Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն 2014» դրամահավաքը

Հասարակություն
maraton_742x432

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, կանցկացվի "Հայաստան" համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2014 համազգային դրամահավաքը, որի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով: 2013թ-ին նվիրաբերված գումարներով ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին: Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Կատարված աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում: Բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին շուրջ 12 կմ-ն ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը մինչեւ Մարտակերտ պատված է խտացված հողային պաստառով եւ երթեւեկելի է նաեւ մարդատար մեքենաների համար: Առաջիկա դրամահավաքի գումարներով կավարտվի վերակառուցման երկրորդ փուլով նախատեսված ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: Ըստ «Հայաստան» հիմնադրամի՝ նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլեւ կխթանի զբոսաշրջությունը եւ, մեծ հաշվով, կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը: