Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խայտառակ հանրաքվե, որը հույս էր Հայաստանի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
սահմանադրություն

9 տարի առաջ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եղել եւ մնում է ամենախայտառակը` Հայաստանի քվեարկությունների պատմության մեջ։ Այդ հանրաքվեին ամենաակտիվը մասնակցեցին կալանավորները եւ իշխանությունը։ Մինչեւ հանրաքվեն Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությունը հայտարարեց, որ բոյկոտում է հանրաքվեն։ «Աշխարհը փուլ չի գա»,-հայտարարեց Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը, փոփոխություններին դրական եզրակացություն տված Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի բնակչությանը կոչ արեցին մասնակցել հանրաքվեին։ «Սա հնարավորություն է հայերի համար»,-հայտարարեց Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը։ Ընդդիմադիր Պարույր Հայրիկյանը իշխանությանը կոչ էր անում չկեղծել հանրաքվեն, առանց այդ էլ ժողովուրդն արդեն «այո» է ասել փոփոխություններին։ Իշխանությունը չլսեց երբեմնի քաղբանտարկյալին։ Հանրաքվեն կեղծվեց ամբողջ թափով։ Ռոբերտ Քոչարյանն ինչպես եւ խոստացել էր՝ քվեարկեց բաց, ի տես բոլորի։ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ հրապարակում էր տվյալներ։ Առաջին տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել էր 223 հազար մարդ, երեք ժամ հետո՝ արդեն՝ 602 հազար մարդ։ Ազգային Միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանն այն օրերին զարմացած էր՝ սա աբսուրդ է, ստացվում է, որ րոպեն մեկ քվեարկում է մեկ մարդ։ Մինչդեռ տեղամասերի այդպիսի դատարկություն Հայաստանը երբեւէ չէր տեսել եւ այլեւս չտեսավ։ Օրվա վերջում պարզվեց, որ քվեարկությանը մասնակցել է 1 ու կես միլիոն քաղաքացի։ Նրանց 95 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին։ Եվրախորհրդի եւ միջազգային այլ դիտորդները հանրաքվեն համարեցին ընդհանուր առմամբ միջազգային չափանիշներին համապատասխան որոշ խախտումներով։ Անգլիացի մի լորդ նկատեց, որ հանրաքվեին 1,5 միլիոն մարդ մասնակցած չի լինի, բայց 800 հազար հոգի հաստատ «այո» է ասել փոփոխություններին։ 1996 թվական տեսած Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այսպիսի կեղծիքներ ինքը ոչ միայն չի տեսել, այլեւ երբեւէ չի լսել, որ կարելի է այս աստիճանի կեղծիքներ կատարել։ Ընդդիմությունը հայտարարեց, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ընդամենը 12 տոկոսը։ Իշխանությունը գրեթե քմծիծաղով պատասխանեց. «Հանրաքվեն կայացած է, կոչ ենք անում չտրվել երկրի կայունությունը խաթարելու ինքնանպատակ կոչերին»։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը պրոֆիլակտիկ նպատակներով անմիջապես ձերբակալում է մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչ։ Ավելի շատ մարդկանց ոստիկանությունը պարզապես հրավիրում էր զրույցների, որպեսզի չմասնակցեն ընդդիմության բողոքի ցույցերին։ Հենց Վիեննա մեկնող ինքնաթիռի մեջ խուզարկում են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ պարզելու, թե հանրաքվեին վերաբերող ինչ նյութեր է նա դուրս բերում Հայաստանից։ Կեղծիքների մասին այս աղմուկին մեկ նախադասությամբ վերջ դրեց Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։ Նա հայտարարեց, որ այսպիսի հանրաքվեով Հայաստանը բաց թողեց ժողովրդավարական երկիր դառնալու վերջին հնարավորությունը։ Ի դեպ, դեռեւս 2003-ի մայիսի 25-ին Ազգային Ժողովի ընտրությունների օրը Հայաստանում արդեն քվեարկվել էր փոփոխությունների գրեթե նույն նախագիծը եւ տապալվել։ Այն ժամանակ բոլոր ֆինանսական եւ վարչական միջոցներն ուղղվել էին հենց Ազգային Ժողովի ընտրությունները կեղծելուն։