Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայրենադարձությունը խթանող օրենքը քնած է» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-1

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ասում է, որ իրենց հիմնական թիրախը այն մարդիկ են, ովքեր հաջողության են հասել արտերկրում, և հիմա որոշում են կայացրել տեղափոխվել Հայաստան։ «Պետք է ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը սփյուռքում, և շատ կարևոր է, որպեսզի նրանք ռեալ պատկերացումներ ունենան Հայաստանի մասին»,-ասաց նա։ Կազմակերպության տնօրենը հատկապես կարևորում է հայաստանակենտրոն ինքնագիտակցության գաղափարի ձևավորումը, որպեսզի այն մարդիկ,ովքեր այսօր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, պահպանեն իրենց կապը հայրենիքի հետ. «Ունենալով ճիշտ կապ Հայաստանի հետ, դա նրանց կօգնի հայ մնալ, և պահպանել իրենց արժեքները։ Իսկ այդ կապն էլ իր հերթին ենթադրում է նաև այցելություններ Հայաստան, և տուրիստական մշակույթի զարգացում»։ Կազմակերպությանը տարեկան դիմում են 500 հոգի, որից մի մասը հայրենադարձվում է ։ Նրանց մի մասը, սակայն, որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո, ցանկություն է հայտնում հետ գնալ։ «Այսօր, ցավոք սրտի, ոչ պետությունը, ոչ հայաստանյան ՀԿ-ները, և ոչ էլ սփյուռքի կկազմակերպությունները, ոչ մեկը չունեն հայրենադարձությունը որպես օրակարգային հարց, իսկ դա խիստ կարևոր խնդիր է։ Ճիշտ է Սփյուռքի նախարարությունը ունի հայրենադարձությանը խթանելու վերաբերյալ օրենք, բայց կարող եմ ասել, որ այդ օրենքը քնած վիճակում է»։ Ըստ Վարդան Մարաշլյանի, ով, ի դեպ, նույնպես հայրենադարձ է, Հայաստանը հեշտ երկիր չէ ապրելու համար։ Նա անդրադարձավ նաև այն խնդիրներին, որոնց շատ հաճախ բախվում են հայրենադարձները՝ այս համատեքստում առանձնացնելով հատկապես աշխատանք գտնելու խնդիրը։ «Հայաստանում շատ և շատ հարցերում կա դիսբալանս։ Այսօր աշխարհը գլոբալիզացված է։ Մենք ունենք մարդիկ, ովքեր ֆիզիկապես գտնվում են Հայաստանում , սակայն աշխատում են օտար երկրների համար,օրինակ ՝ վեբ դիզայներներ, գրաֆիկ դիզայներներ, և այլն, նա աշխատում է Հայաստանում, բայց նրա հաճախորդը ԱՄՆ-ից, կամ Կանադայից է, կամ էլ մեկ այլ երկրից»։ Նշենք նաև, որ 2012 թվականին հիմնադրված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը ոչ պետական, և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է կազմակերպել այն մարդկանց վերադարձը հայրենիք, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան։