Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանը ձայնագրություն միացրեց Սուրիկ Խաչատրյանի նշանակման առիթով (տեսանյութ)

Քաղաքականություն
aj14

ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստի մասին, երբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Սուրիկ Խաչատրյանը: Նա ընթերցեց օրենքի այն կետը, որով սահմանվում է, որ կառավարության որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, որին մասնակցել է կառավարության անդամների մեծամասնությունը. «Ես գրավոր հարցում էի ուղարկել կառավարությանը` քվեարկության արձանագրությունը ստանալու ակնկալիքով, թե կառավարության անդամներն ինչպես են քվեարկել, ով է կողմ կամ դեմ եղել: Ցավոք, կառավարությունն իմ ակնկալած արձանագրությունը չի ուղարկել: Չի ուղարկել անգամ հավաստիացում, որ քվեարկություն տեղի է ունեցել: Ես ուզում եմ հասկանալ`Կառավարության նիստում, ի վերջո, քվեարկություն տեղի ունեցե՞լ է, թե ոչ, եթե ոչ, ապա ինչի հիման վրա է Սուրիկ Խաչատրյանն ընտրվել Սյունիքի մարզպետ»: Նրա հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ իրենք չեն առանձնացնում որեւէ որոշում. «Կառավարության բոլոր որոշումներն էլ դրվում են քվեարկության, ու բոլորն էլ նույն ձեւով է եղել: Վարչապետը որոշման հրապարակումից հետո հարցնում է` ինչ կարծիքներ կան, եթե կա դեմ, նախարարներն ասում են` դեմ եմ ու որոշումը լինում է ձայների մեծամասնությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունում քվեարկության երկու ընթացակարգ կա` դեմ եւ կողմ, չկա ձեռնպահ»: Նիկոլ Փաշինյանին չբավարարեց այս պատասխանը, եւ նա անմիջապես միացրեց կառավարության տվյալ նիստի բջջայինով արված ձայնագրությունը, որտեղ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասում է. «Կա՞ն հարցեր, չկան, շնորհավորում եմ պարոն Խաչատրյան` Սյունիքի մարզպետի պաշտոնում»: Պարոն Հարությունյան, ստացվում է` ոչ մի քվեարկության մասին խոսք չի գնացել, ոչ մի կողմ-դեմ, եւ հետեւաբար էլ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել: Ես չգիտեմ` նա ով է, նա կարող է ով ուզում է լինել, բայց նա մարզպետ չէ: Ավելին` մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ, որը կոչվում է ինքնիրավչություն»: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է շնորհավորել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններում չի աշխատել. «1937թ. այդ դեպքում կթվար լավագույն ժամանակահատված, քանի որ քրեական հանցագործության եւ իրավական ակտերի մասին ձեր մեկնաբանությունները սխալ են: Եթե որեւէ նախարար ունի ասելիք կամ դեմ է, դա նա բարձրաձայն արտահայտում է»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին որոշեց արձագանքել այս հարցուպատասխանին. «Որպեսզի նախադեպ չլինի հետագայում, ես դա զուսպ գործելակերպ չեմ համարում` բջջայինով ձայնագրություն ներկայացնելը, եւ մյուս անգամ խոսափողը կհանձնարարեմ անջատել»: