Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ վերաբերվում են ինչպես «երեւանսկի գուբերնյայի»

Քաղաքականություն
MHM87906-copy-390x265

ՀՀ այցելած ռուս պաշտոնյաներն ու մտավորականները մեզ վերաբերվում են ինչպես «երեւանսկի գուբերնյայի»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանում ՌԴ պաշտոնյաների՝ Նիկոլայ Ռիժկովի, Դմիտրի Կիսելյովի հայտարարություններից, նշեց երաժիշտ Արտավազդ Բայադյանը։ Ըստ նրա՝ նրանք գալիս են ու հաճախակի իրարամերժ հայտարարություններ անում. «ՌԴ կողմից ամենաապահով սուտն է, երբ ասում են, թե ԼՂՀ-ն ու Հայոց ցեղասպանությունն ուրիշ հարցեր են ու այդպես էլ չեն էլ ասում՝ ինչու է այդպես: Իսկ մենք ոչինչ չենք ասում: Սա մեր ամենաթույլ կետն է, որ մենք չեն գիտակցում՝ ինչ է իրականում նշանակում անկախություն: Դա գալիս է նրանից, որ մեր պետությունը սեփականություն չունի, ու դրա համար՝ ինչ կուզեն մեզ կթելադրեն»: Հիշեցնենք, Նիկոլայ Ռիժկովը մի քանի օր առաջ կասկած էր հայտնել ԼՂՀ-ի՝ հայկական հող լինելու հանգամանքի վերաբերյալ, իսկ Դմիտրի Կիսելյովը հայերին մեղադրել էր ռուսերեն լեզվին վատ տիրապետելու մեջ: Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ հարցը բավականին լուրջ է, եւ ինքը կտրականապես դեմ է այլալեզու կրթության պրոպագանդային. «Դա քաղքենիություն է: Մեր դպրոցը պիտի այնպիսի կրթություն տա, որ մեր երեխաները լեզվական դժվարություններ չունենան: Մինչդեռ, այսօր երեխան ոչ միայն օտար, այլև մայրենի լեզվից դժվարություններ է ունենում: Ես, օրինակ, շատ ծանր եմ տանում դրսից արված դիտողությունները: Մենք լավ գիտենք մեր հիվանդ տեղերը, իսկ անհարկի միջամտությունը պարզապես անարգանք ու վիրավորանք է, անգամ եթե ճիշտ են ասում, ապա պետք է բարեկիրթ լինեն»: Բանախոսների հետ համակարծիք չէր գրող-հրապարակախոս Արտեմ Հարությունյանը: Նա ՌԴ պաշտոնյաների բոլոր այցերը դրական համարեց. «Հնարավոր է՝ եղել են արտառոց հայտարարություններ, սակայն ՌԴ-ն մնում է մեր մեծ դաշնակիցը: ՀՀ-ն դեռեւս մնում է մի կաթիլ մուսուլմանական աշխարհում եւ այդ պատճառով աղոթենք, որ ՀՀ եւ ՌԴ ստրատեգիական եւ աշխարհաքաղաքական շահերը համընկել են: Այդ ֆոնին առանձին մարդիկ թե ինչ կասեն, ուշադրություն չդարձնենք: Եթե Ռիժկովը որեւէ տարակուսանք է արտահայտում ԼՂՀ հարցում, ապա ես չեմ մեղադրում, սխալվել է: Հիմա իրեն որեւէ կարցերում նստացնե՞նք: Պարսկերեն ասեմ՝ ղալաթ է արել, որ նման բան է ասել, բայց չմոռանանք, որ ՌԴ-ն այն վիթխարի օվկիանոսն է, որ տարածաշրջանում հետ է պահում Թուրքիային»: Ըստ նրա՝ հայոց լեզվին ոչ մեկը, առավելեւս ՌԴ-ն, «վրա տալ չի կարող». «Հայերենը աշխարհի ամենահին լեզուներից է, եւ այդ անգլիական դպրոցներից խոսեք, որ հենց նոր ծնված ճուտիկների նման բազմանում են: Եկեք դիպլոմատ լինենք ու նման մանր-մունր բաների վրա աչք փակենք: Ես գտնում եմ, որ ռուսական դպրոցները պետք է շատացնենք ու ռուսական լեզվին լավ նայենք»: