Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք տղամարդավարի պայմանավորվածության ենք եկել». ՕԵԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-margaryan

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՕԵԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվելու է ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներից կազմված աշխատանքային խումբ, որը քննարկելու է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին գործընթացը։ Պատգամավորի խոսքերով՝ ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում ընդգրկված է լինելու Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ-ից ՝ հենց ինքը՝ Հովհաննես Մարգարյանը։ Իսկ ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել՝ նկատի ունենալով, որ ունեն շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ։ «Կարծում եմ, որ տեղին է նշել, որ հիմքում պետք է ընկած լինի 100% համամասնական ընտրակարգը։ Այսինքն՝ այն քաղաքական ուժերը, որոնց համար սա սկզբունքային հարց է, քննարկման արդյունքում տվեցին իրենց համաձայնությունն ու գնահատականները»,-ասաց Հովհաննես Մարգարյանը։ Վերջինս նաև հավելեց, որ աշխատանքները սկսվելու են երկուշաբթի օրվանից։ Ըստ բանախոսի՝ միտք ունեն նաև այդ խորհրդակցություններին մասնակից դարձնել նաև արտախորհրդարանական ուժերին, և միջազգային կազմակերպությունների համապատասխան փորձագետներին։ «Մենք տղամարդավարի պայմանավորվածության ենք եկել, որ աշխատանքային խումբը պետք է գործի, պետք է արդյունք տա և այն պետք է գործի ռոտացիոն կարգով։ Մեզ համար առաջնային խնդիրը ընտրական բարեփոխված օրենսգիրք ունենալն է, որպեսզի կարողանանք իրոք արդար և ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել և անցկացնել մեր երկրում»,-ասաց նա։ Բանախոսի համոզմամբ՝ գործող Սահմանադրության մեջ ընդհանրապես անդրադարձ չկա համամասնական ընտրակարգին, Սահմանադրությամբ կարգավորվում է միայն պատգամավորների թիվը և օրենսդիրի որոշ գործառույթներ։