Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիշողությունը դաժան բան է, պարոն Արզումանյան»

Քաղաքականություն
d30e9e763fb2c181e3304da8c2394830

2015թ. պետական բյուջեի քննարկմանը, երբ ներկայացվում էին օմբուդսմենի գրասենյակի հատկացումները, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիտարկում արեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի բացակայության վերաբերյալ: Կարեն Անդրեասյանը ցավ էր հայտնել քննարկումից իր բացակայության համար եւ ներողություն խնդրել. «Երեկ ցավում էր Սյունիքի մարզպետը, Երեւանի քաղաքապետը, երեկոյան կցավա ԱԳ նախարարը»: «Իհարկե, կցավա, քանի որ չի գա»,- նրան միացավ Նաիրա Զոհրաբյանը: Պարոն Արզումանյանը շարունակեց. «Ասածս որեւէ կապ չունի ձեր ներկայացման ոճի հետ (նկատի ունի՝ օմբուդսմենի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանին-խմբ.), դա սկզբունքի հարց է. մենք էլ մեր օգնականներին չենք ուղարկում քննարկումներին»: Ալեքսանդր Արզումանյանը հետաքրրքվեց, թե Կոնվենցիայի ո՞ր խախտումներն է օմբուդսմենի գրասենյակը կարողացել վերացնել: Նա խոսեց նաեւ «Կենտրոն» ՔԿՀ-ի մասին, որը դեռ գտնվում է ԱԱԾ հաշվառման մեջ եւ առավել հայտնի է որպես «կագեբեի պադվալ»: «Հիշողությունը դաժան բան է, պարոն Արզումանյան»,- ակնարիկեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Մի պահ լռելուց հետո Ալեքսանդր Աիրզումանյանը պարզաբանեց, որ հարցերը եւ դիտարկումները, որոնք ինքն անում է, անհրաժեշտ են կողմնորոշվելու համար՝ պե՞տք է արդյոք հարկատուների հաշվին ավելի գումարներ ուղղվեն տվյալ գրասենյակին եւ նաեւ՝ հասկանալու՝ ինչպես քվեարկել ԱԺ լիագումար նիստին բյուջեի նախագծին: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր զորամասերում տեղի ունեցող բռնություններին ու խախտումներին. «Արդյոք օմբուդսմենը պատրաստվո՞ւմ է զեկույց ներկայացնել զինված ուժերում տուժած անձանց իրավունքների վերաբերյալ: Կառավարության մոտ զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով լուծում տալ իրենց բարձրացրած հարցերին: Բյուջեով գումար նախատեսվո՞ւմ է նման զեկույցի եւ կոնկրետ իմ ներկայացրած խնդրի վերաբերյալ»: Օմբուդսմենի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանը նշեց, որ իրենք չունեն բյուջեում հատուկ տող զեկույցի համար կամ ոլորտային խնդրի վերաբեյալ. «Կա միայն ընդհանուր տող՝ տեղեկատվություն տարածելու համար: Օմբուդսմենն իրավունք ունի հանդես գալու նաեւ արտահերթ զեկույցով»: