Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես անել, որ վերանան ոչ թե մեղուները, այլ խավարասերները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mexu2

Հայաստանում վերջին մի քանի տարիներին մեղուների անկում է գրանցվել։ 90 տոկոսով պակասել են մեղուներն ու իշամեղուները՝ ահազանգում են մեղվաբույծները։ Պատճառները, ըստ մասնագետների, տարատեսակ հիվանդությունները, բույսերում առկա քիմիկատներն ու ճառագայթումներն են. «Ամենամեծ ազդեցությունը հենց ճառագայթումներն են տալիս։ Բոլորը ուզում են լավ կապ ունենալ, լավ հեռախոս, WI-FI, բայց տարվա վերջում նաեւ լավ մեղր են ուզում ուտել, այդպես չի լինի, պետք է ուսումնասիրել այս հարցը եւ լուծում տալ»,- ասում է Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը։ Պարոն Դավթյանը օրինակ է բերում Ռուսաստանի դաշնությունը, որտեղ բջջային կապի ճառագայթման պատճառով անկում են ոչ թե մեղուները, այլ խավարասերները. «Մերոնք պետք է գնան, ուսումնասիրեն, տեսնեն էդ ոնց են անում, որ էնտեղ մեղուները չեն սատկում։ Մենք չգիտենք՝ ինչպես է դա լինում, իմանայինք կանեինք»,- հավելեց պարոն Դավթյանը։ Մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանն էլ ցավով նշում է, որ այս տարի Հայաստանում գրեթե մեղր չի եղել. «Այնպես որ, եթե ձեզ այս տարվա մեղր առաջարկեն, դա խիստ կասկածելի կլինի, պետք է ստուգել»։ Հայաստանի մեղվաբույծների համար խնդիր է դարձել նաեւ արտահանումը, քանի որ տեղական մեղրը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին. «Մեր բույսերը ներարկվում են քիմիկատներով, մեղուն օգտվում է այդ բույսից եւ արդյունքում մեր մեղրի մեջ հակաբիոտիկ է հայտնվում։ Եվրոպացիները դա չեն ընդունում»,- նշեց պարոն Նազարյանը։ «Ա1+»-ի հարցին, թե վտանգավոր չէ՞ դա արդյոք մեզ համար, քանի որ մենք օգտվում ենք դրանից, նա պատասխանեց. «Որ դա վտանգավոր չէ, ուղղակի իրենց ստանդարտների մեջ չի մտնում»։ Ի դեպ, մասնագետները զգուշացնում են, որ մեղուների անկման հետեւանքով առաջ կգան լուրջ բնապահպանական խնդիրներ։ Օրինակ, ծառերի փոշոտում տեղի չի ունենա, հետևաբար մենք կզրկվենք նաեւ մրգից։