Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարվածը ոչ թե կարգապահական խախտում է, այլ քրեական հանցագործություն

Քաղաքականություն
enigomshyan

Նախախորհրդարանի հայտարարությունը Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ռեժիմի կատարած հանցավոր ոտնձգության վերաբերյալ Երեկ՝ ս.թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաքին հարող ՀՀ մարզերի տարածքում Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում ավտոերթի հետ կապ չունեցող մի քաղաքացի միջադեպ է սադրել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի հետ: Վահրամ Գաբրիելյանը եղել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ավտոմեքենայում է եղել նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նշված քաղաքացին միջադեպի ավարտին ներկայացել է որպես ոստիկան, լուսանկարել է Վ. Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաև ավտոմեքենայում նստած Վ. Գաբրիելյանին և Ա. Ենիգոմշյանին ու հեռացել: Այդ քաղաքացին եղել է առանց համազգեստի և չի ունեցել իրեն որպես ոստիկանության ծառայողի նույնականացնող որևէ այլ տարբերանշան: Միջադեպից ավելի քան յոթ ժամ անց՝ ժամը 19:45-ի սահմաններում, երբ ավտոերթն արդեն ավարտված է եղել, Ալեք Ենիգոմշյանն ու Վահրամ Գաբրիելյանը վերջինիս ավտոմեքենայով վերադարձել են տուն: Նրանք հարևաններ են: Ճանապարհին՝ Երևանի Սայաթ-Նովա փողոցի և Ֆրանսիական հրապարակի միացման հատվածում՝ լուսացույցի տակ, ոստիկանության քրեական հեռախուզության մի խումբ աշխատակիցներ Ալեք Ենիգոմշյանի կողմից բացել են ավտոմեքենայի դուռը, նրան կոպտորեն քաշքշելով իջեցրել են ավտոմեքենայից և թողել փողոցի բանուկ մասում, իսկ Վահրամ Գաբրելյանին իր ավտոմեքենայով բերման են ենթարկել: Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան՝ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին, դիտավորյալ կերպով դրել են կյանքի համար վտանգավոր վիճակում: Ոստիկանների այս արարքը հանցագործություն է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին: Այս անմարդկային և հանցավոր արարքի և դրա հետ կապված հանգամանքները փաստում են այն մասին, որ ռեժիմը նպատակային քայլեր է ձեռնարկում Նախախորհրդարանի գործողությունների դեմ, քանի որ դրանք նախատեսում են համաժողովրդական ճնշման միջոցով հեռացնել ռեժիմին: Այդ նպատակով ռեժիմը գործում է մի քանի ուղղությամբ: Մասնավորապես՝ Նախախորհրդարանը ենթարկվում է տեղեկատվական շրջափակման և, զուգահեռաբար,՝ ոստիկանության և մյուս «իրավապահպան» մարմինների միջոցով փորձ է արվում ճնշում գործադրել, ինչի համար որպես թիրախ ռեժիմն ընտրել է Ալեք Ենիգոմշյանին, որպեսզի նրա նկատմամբ կատարածի օրինակով ցույց տա, որ բռնությունների հնարավոր թիրախների, ինչպես նաև դրանց ձևերի ու մեթոդների զինանոցի հարցում ինքը կաշկանդված չէ բարոյական և իրավական «սահմանափակումներով» ու պատրաստ է ցանկացած սահմռկելի արարքի: Այս մասին են վկայում ոչ միայն վերը նշված, այլև ստորև բերվող հետևյալ փաստերը. Ալեք Ենիգոմշյանը հանրահայտ մարդ է, բացի այդ՝ երեկ կեսօրին տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը լուսանկարել է նրան, ուստի ոստիկանությանը հաստատապես հայտնի պետք է լիներ նրա անձը: Ծպտյալ ոստիկանի և Վահրամ Գաբրիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ արդեն քրեական վարույթ է իրականացվում՝ վերջինիս ի սկզբանե մեղավորի կերպարով ներկայացնելու, ինչպես նաև փաստերի, այդ թվում՝ նրան բերման ենթարկելու ժամի վերաբերյալ տվյալի, աղավաղմամբ: Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ կատարած արարքի մասով քրեական գործ հարուցելու փոխարեն ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձի հրամանով ընդամենը ծառայողական քննություն է նշանակում, մինչդեռ կատարվածը ոչ թե կարգապահական խախտում է, այլ քրեական հանցագործություն, որի կատարողները հայտնի են ոստիկանությանը: Հատկանշական է նաև, որ տվյալ վայրում տեսախցիկներ կան, բացի այդ՝ այդտեղ մշտապես հերթապահում են ոստիկանության կարգախմբեր: Նախախորհրդարանը հայտնում է իր վճռականությունը, որ անկախ ռեժիմի անմարդկային ու հանցավոր գործողույթուններից, հետևողականորեն շարունակելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ժողովրդին փողոց հանելու, ռեժիմին հեռացնելու և դրանից հետո նոր որակի հայկական պետություն կառուցելու իր ծրագրի իրագործումը: Նախախորհրդարան