Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թատերական իրարանցումն» ավարտվեց

Մշակույթ
1620602_868363966514858_7027624617957295654_n

Երևանի Պետական երաժշտական կամերային թատրոնում Ռուսաստանի «Զա դվումյա զայցամի» մնջախաղի թատերախմբի «Ձմեռը Յորքում» մանկական ներկայացմամբ փակվեց «Հայֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որն այս տարի կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը: Փառատոնի շրջանակներում թատերասեր հանրությանը Երևանի 10 բեմում ներկայացվեց շուրջ 50 ներկայացում: 8-օրյա թատերական իրարանցմանը մասնակցել է շուրջ 200 մասնակից` 18 երկրից. Հունգարիա, Ֆրանսիա, Իտալիա, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրիա, Իրան, Ռուսաստան, Վրաստան և այլն։ Թատերասեր հանդիսատեսի շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել Բրիտանական խորհրդի ներկայացրած հայ-բրիտանական համատեղ «Մի լքիր ինձ» ներառական պարը, որը ներկայացվում էր ԳԱԿ «Փոքր» թատրոնում: Ne Me Quitte Pas երգի տարբեր մեկնաբանությունների ներքո ներկայացվեցին փոքրիկ պատմություններ: Ներկայացմանն ընդգրկված ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ էին, իսկ մյուս չորսը՝ պրոֆեսիոնալ պարողներ: Փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված էին Արմանդո Րիեսկոյի բեմադրած Պուլիցերյան մրցանակակիր «Ջուրը` գդալ-գդալ» հայ-ամերիկյան համատեղ ներկայացումը, Մեծ Բրիտանիայի «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Խելագարի հիշատակարանը»` ըստ Գոգոլի համանուն ստեղծագործության, Ղազախստանի «ԱրտևՇոք» թատրոնի «Պուշկին stand-up» մոնոներկայացումը, Իտալիայի «Ֆրեյս Բոզեն» թատրոնի «Տեսարան արգոնավորդների հետ» դրաման, ինչպես նաև Ռուսաստանի «Մոդեռն» և «Դոկ» թատրոնների «Մահացած պարեր» և «Հայրենիքդ չպաշտպանելու 150 պատճառ» ներկայացումները: «Հայֆեստն» այս տարի առանձնացավ ռուսական թատերախմբերի ակտիվ մասնակցությամբ: «Հայֆեստի» «ԱՐՄՖԵՍՏ» ուսանողական ծրագրի շրջանակներում ներկայացվեցին նաև հայ ուսանողների աշխատանքներ: Հիմնական ծրագրի ներկայացումները ցուցադրվեցին «Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային» , «Համազգային» , Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» և «Միհր» թատրոնների բեմերում: «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն իրականացնում է «Հայ դերասանների միություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 10622923_868363889848199_703607886434733368_n