Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն նախագահ, եկեք էս էլ ժողովրդի սրտով անենք, էլի» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքի թունդ ընդդիմադիրներից էր՝. «Պարոն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք, ես տենում եմ՝ սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի։ Ի՞նչ կա, քննարկում եք էդքան, բերեք ոնց կա ըտենց թողնենք, մարդիկ էթան աշխատեն»։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը պնդում էր՝ իր խոսքերի տերն է, բայց գիտի, որ այս օրենքով կառավարությունը պայքարում է ստվերի դեմ՝. «Էս կառավարությունն էլ չգիտի՝ ստվերային տնտեսությունը վերացնի, թե ժողովրդին մեղք գա»։ Պատգամավոր Մհեր Սեդրակյանը համաձայն է գեներալի հետ՝ թող այս անգամ ժողովրդի սրտով լինի, բայց ինքը չգիտեր, որ խոսքը օրենքի մասին է, ասում է՝ ես ոչինչ չեմ կարող անել «Դա կառավարության որոշում ա, Ազգային ժողով ինքը չի մտել», ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը։ Սամվել Ալեքսանյանն այն խոշոր գործարարներից է, որոնց կասկածում են այս օրենքից դժգոհ ժողովրդին Ազգային Ժողովի դեմ լարելու մեջ այն պատճառաբանությամբ, որ ինքն էլ չի ուզում, որպեսզի փաստաթղթավորվի ամեն ապրանքը «Իմ անունն են տալի՞։ Հավես չունեմ, չէ լավ, հավես չունեմ»։ Հանրապետական Մանվել Բադեյանը ուղիղ տեքստով է վստահեցնում, որ ինքն ունի կասկածներ, որ այս օրենքի դեմ ընդդիմացողներին կառավարում են խոշոր գործարարները «Փաստաթղթավորման խնդիր ա, դրա համար են բողոքում մանր ու միջին ձեռնարկատերերը, նրանց չի տրամադրվում փաստաթղթեր»։ Ազգային Ժողովի նախագահը բոլոր խմբակցություններին հրավիրել էր իր մոտ կառավարության հետ քննարկելու այս օրենքի հետագա ճակատագիրը։ Քննարկեցին եւ դուրս եկան՝ բողոքողների համար վատ լուրերով «Մեր առաջարկներից առայժմ որեւէ բան չի ընդունվել», ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ։ Բանակցություններին մասնակցած Արամ Մանուկյանը կանխատեսում է, որ այս իշխանությունները մարդկանց մղում են կտրուկ գործողությունների «Կառավարությունը միգուցե չի զգում իրավիճակը», ասում է նա։ Մերժել են նույնիսկ օրենքի կիրառման հետաձգումը թեկուզ 15 օրով կամ մեկ ամսով։ Հանրապետական խմբակցությունը համաձայնվել է քննարկել առաջարկը։ Վաղն առավոտյան կպատասխանեն։