Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքարկվել է ՀՔԾ որոշումը՝ «Ա1+»-ի լրագրողի դեպքի առիթով

Հասարակություն
marinka1

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», ի դեմս Դանիել Իոաննիսյանի, բողոքարկել է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշումը: Համապատասխան գրությունը նա ուղարկել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով, երբ ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր ակցիան նկարահանող լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը։ Դեպքից հետո «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով բռնությունը եւ դա համարելով լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում՝ հետեւաբար քրեորեն պատժելի արարք: Կազմակերպությունները պահանջել էին ԱԺ-ից պատասխանատվության ենթարկել ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանին, իսկ դատախազությունից պահանջել էին հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին: