Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն, որը էժան նստեց Ռոբերտ Քոչարյանի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
poxos

Պողոս Պողոսյանի սպանության գիշերը Երեւանը խաղաղ էր, ինչպես բոլոր գիշերները, երբ մարդ չեն սպանում։

Առաջին անգամ Ա1+-ի եթերում խոսվեց Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության մեջ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի մասնակցության մասին;

«Սրճարանի տնօրինությունը հավաստիացնում էր, որ Պողոս Պողոսյանը մահացել է սրտի կաթվածից՝ չդիմանալով նախագահին ու Շառլ Ազնավուրին տեսնելու ուրախությանը»։

Սպանության պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրի եւ այլ հյուրերի հետ «Առագաստ» սրճարանում ջազ է լսել։ Թիկնազորը սրճարանի զուգարանում ավարտում էր այն, ինչ սկսել էր մյուսների ներկայությամբ.

«Շատ ռեալ, կոնկրետ նաեւ փաստեր կան, որ կատարվածը սպանություն է», ասում է Աղվան վարդանյանը

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը փորձում է վերծանել տեղի ունեցածը. « Համադրելով իրադարձությունները հիմա կարող եմ ասել, որ ինչ-որ բան էնտեղ տեղի է ունեցել եւ սա սովորական դժբախտ պատահար հավանաբար չէր կարող լինել»։

Տեղի էր ունեցել այն, որ Պողոս Պողոսյանը սրճարանում Ռոբերտ Քոչարյանին տեսնելուց հետո դիմել էր ոչ հարգալից՝ Պրիվետ, Ռոբ։ Ուստի սպանվեց:

«Հենց առաջին զննումը ինձ համար արդեն միանգամից պարզ էր, որ մահացած է», հավաստիացրել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը:

Սպանություն կատարելու համար մեղադրվեց Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը։

Դատավարության ժամանակ թիկնազորի այս աշխատակիցը ասում է, որ Պողոս Պողոսյանն է ծեծել Աղամալ Հարությունյանին:

Սպանվածի եղբայրը հիմնական մեղավոր է համարում հենց Գուրգեն Արսենյանին. «Գուրգեն Արսենյանն է հրավիրողը եղել եւ պատճառը դառել ամեն ինչի: Բայց Գուրգեն Արսենյանն էսօր վկա է հանդես գալիս»:  

Այս կինը Փարաջանովի տուն-թանգարանի աշխատակից է, հիշում է, որ մի խումբ երիտասարդներ ծեծելով ու քաշքշելով մեկին փորձում են մտցնել «Առագաստ» սրճարանի զուգարան: Սպանության փաստը առաջինը երկչոտորեն արձանագրել է մի օտարերկրացի, ասելով՝ «դա պահակազո՞րն է սպանել»:

Շտապօգնության բժիշկ Արմեն Սահակյանը առաջին իսկ հետաքրքրվողներին Պողոսյանի մահվան պատճառ է համարել սրտի կաթվածը «Երբ որ մարդիկ վրդովված քեզ հարցնում են՝ բա ինչի՞ց մահացավ, էդ ժամանակ կարող ես կանտրոլից դուրս գաս, սփոփող պատասխան տաս»:

Սրճարանի աշխատակիցներից ոչ մեկը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ:

Վկաներից մեկն, ի դեպ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան ռուստամյանը սկզբից սրճարանում գտնվողների մեջ ճանաչել է Ռոբերտ Քոչարյանին, հետո չի ճանաչել «Խոստովանեմ, որ նախագահին էլ չեմ տեհել»:

Սպանվածի եղբայրը ականատես վկաների սակավությունն ու հակասական տեղեկությունները բացատրում էր մեկ բառով. ՎԱԽ:

«Մարդուն հասարակությունն է դարձնում անբարոյական»,- Շավարշ Քոչարյան:

Դատավճռով Աղամալ Հարությունյանը փորձել է կարգի հրավիրել «Պրիվետ, Ռոբի» հեղինակին: Չի հաջողվել:

Ուստի նրան սպանելու մեջ առանձնապես դատապարտելի բան չկա, թերեւս կնստի 2 տարի;

Դատավոր Մնացական Մնացականյան. « ՀՀ քրեական օրենսգրքի 41 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը ամբաստանյալ Աղամալ Հարությունյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել»։

Ամբաստանյալի պաշտպան ՝Վահան Յանիկյան. «Դատավճիռ ա եղել ու ծափեր են եղել»:

«Քոչարյան Ռոբերտի թիկնազորը դատարան չի: Ուրեմն նա իրականացնում ա սպանություն մեր աչքի առաջ։ Ասում ա՝ ես Պողոս Պողոսյանին զրկում եմ կյանքից, քանի որ ինքը ոչ վայել դիմել է Ռոբերտ Քոչարյանին», ասում է Աշոտ Բլեյանը:  

Ռոբերտ Քոչարյան՝, «եթե այդ մարդը մահացած չլիներ, ես նաեւ այդ առումով շատ բան կունենայի ասելու: Ուղղակի հիմա չեմ կարում ասեմ»:

Ի դեպ այդ օրերին Հայաստանում էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը։ Պարոն Քոչարյանը նրան դիմավորողների մեջ էր։

Թիկունքում Պողոս Պողոսյանին Աղամալ Հարությունյանին ծեծելու մեջ մեղադրող Գուրգեն Արսենյանն է։

Այստեղ Ռոբերտ Քոչարյանը խոսում է քրիստոնեությունից Ռոբերտ Քոչարյան՝, «Նոր դարաշրջանում մենք պետականորեն վերաիմաստավորում ենք մեր պատմամշակութային ողջ ժառանգությունը եւ արժեքային համակարգը, որոնք խորապես ներթափանցված են քրիստոնեությամբ»։

Հայաստանից Պապը վերադարձավ ողջ եւ առողջ, թեպետ՝ փոքր-ինչ հյուծված։

Պողոս Պողոսյանից մնաց անշունչ մարմինը։