Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Պաշտոնական
գըւղ1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում առկա իրավիճակին, վերջին տարիներին ոլորտում գրանցված զարգացումներին: Ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով հիմնադրամի հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքը`նախարար Սերգո Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության ջանքերը հիմնականում ուղղված են բարձրացնելու պարենային ապահովությունը, ավելացնելու գյուղատնտեսական մթերքներով Հայաստանի ինքնաբավությունը, հողերի արդյունավետ օգտագործումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տնտեսավարման նոր ձևերի ներդրումը և այլն: «Ներկա պայմաններում զարգացած գյուղատնտեսություն ունենալը պետությունների կարևորագույն խնդիրներից է, և այս ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած նպատակային ծրագրերի արդյունքում հնարավոր է եղել վերջին տարիներին ապահովել տնտեսական աճի բարձր ցուցանիշներ», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Այս ենթատեքստում նախարարը հարկ է համարել տեղեկացնել, որ ներկայումս հանրապետությունում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում թե' բուսաբուծության, թե' անասնաբուծության ոլորտներում գյուղատնտեսական ապրանքների ծավալների, ինչպես նաև բերքատվության և մթերատվության բարձրացման ուղղությամբ, հիմնվում են խաղողի և պտղի նոր այգետարածքներ, հատուկ ուշադրություն է դարձվում տոհմային գործի բարելավմանը, կառուցվում են նոր ջերմոցային տնտեսություններ, սպանդանոցներ ու վերամշակող արդյունաբերական ձեռնարկություններ: