Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թքած ոստիկանապետի պուճուր-մուճուր արտահայտությունների վրա»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zoravarjutyun

Դեռ պարզ չէ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք ոչ իշխանական եռյակի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության միասնական հանրահավաքին։ «Մանրամասները դեռ չենք քննարկել»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ մինչեւ հոկտեմբերի 10-ը կշրջեն համայնքներում, կտեսնեն մարդկանց տրամադրվածությունը եւ նոր կքննարկեն։ Նա հիշում է, որ շատ հաճախ հենց բեմի վրա են որոշում կայացրել՝ ինչ ելույթներ ունենալ եւ հաջորդ հանրահավաքի օրվա մասին հրատապ որոշում են կայացրել։ Մեկ բանում, սակայն, Արամ Մանուկյանը համոզված է՝ մեր ժողովրդին միայն ազատ արտահերթ ընտրություններ են պակասում։ Հարցին՝ արդյո՞ք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտահայտությունը՝ «թեժ աշնան համար՝ սառը ցնցուղներ կան», չի ազդի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի վրա, մարդկանց մասնակցությունը քիչ կլինի, նշեց. «Թքած, ոստիկանապետի բոլոր պուճուր-մուճուր արտահայտությունները չեն ազդի հանրահավաքի վրա, եւ հոկտեմբերի 10-ը ինչ-որ բանի սկիզբ կլինի»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը։ Պարոն Մանուկյանի խոսքերով՝ իրենք ավելի պատասխանատու են զգում երկրի համար, քան Սերժ Սարգսյանը։