Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արփի» լիճն ազգային պարկից վերածվում է ջրամբարի. Էկոլուր

Հասարակություն
arpi

«Խազեր» ՀԿ-ն ահազանգում է, որ Արփի բնական լիճը ցանկանում են օգտագործել որպես ջրամբար: ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծված hասարակական խորհրդին է ուղղել նամակ, որում ասված է. «1946թ-ից 1951թ. ընթացքում «Արփի» բնական լիճը, որի ծավալը մոտ 5 միլիոն խորանարդ մետր էր, վերածվեց 100 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ ջրամբարի: Հետագայում Ախուրյան գետի ջրհավաք ավազանում կառուցվեցին մի քանի այլ ջրամբարներ: Ախուրյան գետի միջին հատվածում ևս որոշվեց կառուցել Կապսի ջրամբարը: Սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն դրանք մնացին անավարտ: Արփի լիճը ջրամբարի (փաստորեն, ջրային ռեսուրսի) վերածվելուց հետո դադարեց գոյություն ունենալ որպես բնական էկոհամակարգ: Հաշվի առնելով, որ ոռոգման ենթակա տարածքները գտնվում են Կապսի ջրամբարի համար նախատեսված տարածքից ներքև, հնարավորություն է ստեղծվում Կապսի ջրամբարը համապատասխան տարողությամբ կառուցման դեպքում վերականգնել Արփի լիճը իր էկոհամակարգով: Այդ գաղափարը դրվել էր «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հիմքում: Սակայն Կապսի ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ վերջերս կազմակերպված քննարկումների ընթացքում պարզվեց, որ այդ ջրամբարի կառուցման հետ մեկտեղ նախատեսվում է պահպանել նաև «Արփի լիճ» ջրամբարը, ինչը, մեր կարծիքով անընդունելի է: Առաջարկում ենք սույն խնդիրը դարձնել Հասարակական խորհրդի քննարկման առարկա»: Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում, որը ստեղծվել է 2009թ.: Պարկի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը հատկացրել է 2.2 միլիոն եվրո: Էկոլուր