Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 10-ից մեր երկիրն ակամա պատժվելու է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
b3ef5cafd9945a5a04f70861c532b8c0

Հայ արտադրողի համար ռուսական շուկան լայնորեն չի բացվելու, եթե նույնիսկ Արեւմուտքի կողմից օրեցօր խստանան Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունից՝ ավելի շատ ապրանք ներմուծելով ռուսական շուկա։ Պատգամավորը միայն մեկ փաստ է բերում. «Ուզում եմ հիշեցնել, որ երբ վրացական գինիների հետ տեղի ունեցավ արգելափակում Ռուսաստանի կողմից, հայկական գինիների ռուսական շուկայում իրացնելիության ամենամեծ ցուցանիշը այդ օրերին եղավ ընդամենը երկու տոկոս, որը գրեթե ոչինչ է այս պարագայում։ Եվ այդ առումով խոսել, որ ռուսական շուկան մեզ համար գրավիչ կլինի, ես անհեթեթություն եմ համարում»,- ասաց նա։ Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը օրեցօր նվազում է։ Այն արդեն ռեկորդային է՝ մեկ դոլարի դիմաց ՝ 38.40 ռուբլի։ Սա, բնականաբար, բացասաբար կազդի նաեւ հայկական շուկայի վրա։ Պատժամիջոցները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո ավելացող մաքսատուրքերը Հայաստանում ինքնըստինքյան կբերեն գների աճ. «Հայաստանի շուկան, որպես շատ փոքր արտադրողականություն ունեցող երկիր, կարող է միանգամից կլանվել ռուսական պահանջարկի դիմաց, արդյունքում էլ տեղի կունենա գների շեշտակի աճ»։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի ընդունում, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը միայն վնասելու է մեր տնտեսությանը. «Եթե մենք բռնում ենք գնաճից, ու ասում ենք, թե դա մեր մեծ օղապարանն է, մեր ամենամեծ խնդիրը, ապա դա ճիշտ մոտեցում չի , որովհետև կարող է պատահի՝ մինչև անգամ գնային ճնշումներ լինելու իսկ պարագայում կամ հետևանքով հետագայում աշխատատեղեր ստեղծվեն, աշխատատեղերում գտնվողները ավելի մեծ եկամուտներ ստանան, գնողականությունը բարձրանա, և այդ գնային ճնշումները ըստ էության չունենան այն ազդեցությունը, ինչին մենք այդպես շփոթված սպասում ենք»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Հետեւաբար՝ մեր երկիրը ակամա պատժվելու է՝ Արեւմուտքի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող տնտեսական քաղաքականության հետեւանքով։