Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանություն՝ մահակներից մինչեւ աղոթք եւ սառը ցնցուղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
police

Հայաստանի ոստիկանությունը ագրեսիվ եւ հակաօրինական գործողություններով սովորաբար աչքի է ընկել հատկապես համապետական կեղծված ընտրություններից հետո ժողովրդական ընդվզումների ժամանակ: 1996-ի սեպտեմբերի 25-ը առաջին եւ միակ դեպքն էր, երբ այդ ընդվզումներից տուժեց ոչ թե ժողովուրդը, այլեւ՝ իշխանությունը։ Ոստիկանության ղեկավարը Վանո Սիրադեղյանն էր։ Սեպտեմբերի 25-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վիճարկում էր նախագահի ընտրությունների արդյունքները: Կենտրոնական Ընտրական հանձնաժողովն Ազգային Ժողովի շենքում էր եւ նա իր կողմնակիցներին առաջնորդեց խորհրդարան, որպեսզի ԿԸՀ նախագահը չեղյալ համարի Լեւոն-Տեր Պետրոսյանի հաղթանակը: 1998-ի նախագահի եւ 1999-ի Ազգային Ժողովի ընտրությունները ոստիկանության ագրեսիվ ոգեւորության առիթ չտվեցին : Կարեն Դեմիրճյանը չվիճարկեց նախագահի ընտրությունների արդյունքները. իսկ նրա եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքի հաղթանակը Ազգային Ժողովում ոչ մի կասկած չհարուցեց բացարձակապես ոչ մեկի մոտ։ 2003-ի նախագահի ընտրությունների հետընտրական գործընթացներին ոստիկանությունը կրկին իր տարերքի մեջ էր: Ընդդեմ ժողովրդի ոստիկանության եւ թաղային հեղինակությունների համագործակցության մասին զգուշացնում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուները։ Ամեն ինչ տեղի ունեցավ ըստ ասվածի՝ ընտրողների ահաբեկչություն, հետընտրական ձերբակալություններ, ոստիկանությունը ամենուր էր, որտեղ դժգոհում էին ընտրությունների արդյունքներից։ Բռնություններն ու ձերբակալությունները 2003-ի երկու համապետական ընտրությունների ժամանակ տարածվեցին նաեւ լրատվամիջոցների վրա: Իշխանությունը բռնությունների պատճառ ուներ։ 2008-ի հետընտրական բռնությունները Հայաստանի պատմության մեջ առայժմ մնում են անգերազանցելի։ Ոստիկանությունը, բանակը, օլիգարխների թիկնազորը կրակեց ընտրությունների արդյունքը վիճարկող ժողովրդի վրա։ Այստեղ էլ պատճառ կար: Նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ եթե զոհերի թիվը 10-ը չլիներ, կարող էր ավելի շատ լինել։ 2012-ի խորհրդարանական ընտրությունները չնայած լայնամասշտաբ կեղծիքներին ոստիկանության բռնությունների պատճառ չդարձան, թեպետ շարունակվեցին ձերբակալությունները։ 2013-ի նախագահի ընտրություններում առաջին անգամ ոստիկանությունը ընդդիմադիր առաջնորդի հետ էր, միասին պայմանավորվում էին հետագա գործողությունները՝ մայթով քայլելուց մինչեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում աղոթելը։ Մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քառյակին զգուշացրել է թեժ քաղաքական աշնան հետեւանքների մասին՝ կկիրառեն սառը ցնցուղներ նրանց հանդեպ, եթե չօգնի, ավելի թեժ աշուն կկազմակերպեն։