Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը շրջայց է կատարել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում

Պաշտոնական
դիլիջան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական ծրագրի ներքո մշակված Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրերը հիմնականում կկենտրոնանան զարգացման և քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորին, ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի, բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ապահովումը, զբոսաշրջությունը և այլն: Վարչապետը նշել է, որ Գյումրու, Ջերմուկի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային պլանների ներքո ընտրված ծրագրերից մի քանիսի դեպքում հնարավոր է, որ կառավարությունը քննարկի ֆինանսավորման աջակցության դիմելու հավանականությունը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին: Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ վերը նշված չորս քաղաքների զարգացման ծրագրերի մշակմանն ԱԶԲ-ին մասնակցելու հնարավորություն տալու համար: Դեյվիդ Դոուլն ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Դիլիջանի զարգացմանը: Միաժամանակ, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա Դիլիջանի զարգացման ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի հանրությանը: Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը տեղեկացրել է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի նպատակն է քաղաքի կայուն տնտեսական զարգացումը, մասնավորապես, հստակ գործողությունների իրականացման միջոցով նոր թափ հաղորդել զբոսաշրջության, կրթության և ֆինանսական հատվածի զարգացմանը, սոցիալտնտեսական պայմանների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը: Սեզար Լորենսը նկատել է, որ քաղաքի զարգացման մեծ խթան են Դիլիջանում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացվածությունը և միջազգային դպրոցի բացումը: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են Դիլիջանի ռազմավարական տեսլականը, քաղաքային ենթակառուցվածքները, ներդրումային առաջնահերթությունները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունը: Այնուհետև վարչապետ Աբրահամյանը շրջայց է կատարել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին: ՀՀ կառավարություն