Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական բարեփոխումները՝ տատիկների ու պապիկների տեսանկյունից

Քաղաքականություն
raffi

Ժողովրդահաճո բաներ պետք չէ ասել, ու 90 տարեկան պապիկին հետաքրքիր չեն Սահմանադրական բարեփոխումները կամ նա այդ իմաստով որեւէ բան չի կարող ասել: Այսօր «Ժառանգության» հրավիրած ֆորումին հայտարարեց իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նրան զարմացրել էր ոչ իշխանական քառյակի երեք ուժի այն տեսակետը, թե այս բարեփոխումներին դեմ են. «Ինչի՞ն եք դեմ»: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով Հրայր Թովմասյանի դիտարկումներին, ասաց. «Առողջություն ձեր եւ իմ պապիկին, նրանք երկուսն էլ նույն տարիքի են: Իմ պապիկը եւս բարեփոխումների մասին հարցեր չի տալիս, նա միայն ասում է՝ ե՞րբ են գնալու այս իշխանությունները: Այս ընթացքում չի եղել մի քաղաքացի, որ սահմանադրական բարեփոխումների մասին ինձ հարց չտա: Տատս մի լավ խոսք ուներ՝ սատանեն այն ժամանակ է ուրախանում, երբ մի փորձված բանը նորից են փորձում: Իշխանությունները գցելու ունակություն ունեն»: Այնուհետեւ, անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Ինչպես կաթը, երբ մի ճանճ ընկնում է մեջը, աղտոտում այն ու թափում ես այն, պարոն Մինասյան, այնպես էլ այս փոփոխությունները, որոնք խոստանում են իշխանությունները, որքան էլ լավն են ու կարեւոր, միեւնույն է, դրանք իրականում չեն գործելու, պղտորելու են»: Ըստ նրա՝ մենք մինչեւ իրավիճակի փոփոխություն չունենանք, սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու իրավունք չունենք. «Հակառակ դեպքում ունենալու ենք ԽՄԿԿ ու Գենսեկ-ի տարբերակով, այն մեզ համար ընդունելի չէ»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ իր ելույթում նկատեց՝ անհնարին է չխոսել սահմանադրական բարեփոխումների բովանդակությունից. «Մենք կիսանախագահական պետություն ենք, ըստ գործող Սահմանադրության: Այս համակարգը չի նպաստում մեր երկրի զարգացմանը: Իրականում ոչ թե կիսանախագահական, այլ սուպեր նախագահական երկիր է ՀՀ-ն ու կա գերկենտրոնացում: Այն առավելագույնս հարմարեցված է իշխանության վերարտադրությանը»: Ըստ Աղվան Վարդանյանի՝ մի վտանգավոր երևույթ կա՝ անընդհատ հայտարարում են՝ թող ժողովուրդը որոշի՝ ուզում է բարեփոխումներ, թե ոչ. «Հարգելի գործընկերներ, քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը ու պետք չէ ժողովրդի անվան տակ թաքնվել. հստակ մեր նպատակներն ասենք, այլ ոչ թե մանիպուլյացիաների գնանք: Քաղաքական ուժերը պետք է սերտ աշխատեն ու միասնական փաթեթ ստեղծեն, ու ստիպեն իշխանություններին գնալ փոփոխությունների, այլ ոչ թե վերարտադրվեն»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումները ֆարս են, որ բեմադրվել է մեծ հանդիսատեսի համար: