Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց ՀՀԿ որոշման՝ Ռ. Քոչարյանը չի մտնի քաղաքականություն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Robert-Kocharyan

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է. «Ռոբերտ Քոչարյանն առանց Հանրապետական կուսակցության որոշման, համաձայնության չի մտնի քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք Հանրապետական կուսակցության հետ չի հակադրվի»։ Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցով եւ 60-ամյակին նվիրված ֆիլմով ընդամենը ստուգում է հասարակական տրամադրությունները։ Անդրադառնալով սեպտեմբերի վերջին սպասվող քաղաքական զարգացումներին՝ Լեռնիկ Ալեքսանյանն անկեղծորեն զարմացած է, թե ինչու է քառյակի ամենամեծ կուսակցությունը վերջնագրի լեզվով խոսում իշխանության հետ։ Սակայն այնպես չէ, որ ԲՀԿ-ի քաղաքական ակտիվությունը վախեցնում է նժդեհական գաղափարախոսության ներկայացուցչին. «ԲՀԿ-ն երբեք չի ասել, որ իշխանափոխություն է անելու»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լսել է, որ քառյակը պատրաստվում է 12 կետերը չկատարելու դեպքում քաղաքական պայքարը Ազգային ժողովից տեղափոխել փողոց. «Դա վտանգավոր քայլ է, օրինակները նայեք հարեւան երկրների։ Ի՞նչ է բերում դա։ Դա բերում է շուրջ 10-15 տարի երկրի պետականությանը հետ քցել»։ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ասում է, որ անկախ ամեն ինչից, քառյակը հանրահավաք է անելու, որտեղ ներկայացնելու է երկրի վիճակն ու քառյակի 12 կետերի կատարված կամ չկատարված լինելը. «Մենք որեւէ մեկին վախեցնելու միտում չունենք։ Մենք դա կամփոփենք հանրահավաքում, ժողովուրդը կորոշի ինչ անել»։   Պատգամավորն ասում է, որ քառյակին հետսեպտեմբերյան իր ծրագրերից հետ չի պահի նույնիսկ իշխանությունների պատրաստակամությունը՝ հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից։ Դա կթուլացնի միայն լարվածության բարեփոխումներին վերաբերող մասը. «Հիմա գալիս ենք 12 կետերին։ Մենք եթե հետ ենք քաշվում 12 կետերից, այդ 12 կետերը կատարվու՞մ են, թե ոչ։ 12 կետերը դրանք այն մարտահրավերների պատասխաններն են, որոնց չկատարելը փլուզման է բերում։ Հիմա դրանից օգտվու՞մ է երկիրը, թե՝ ոչ։ Ո՞նց կարող ենք մենք 12 կետերը ասենք, դե լավ ոչինչ, քանի որ դուք չեք անում Սահմանադրությունը, ապա թող 12 կետերն էլ չկատարվեն, թող երկիրը փլուզվի։ Մի քիչ անհեթեթ ձեւակերպում է դա բերում»։ Ի դեպ, քառյակի ուժերը պատրաստ են սցենարի այնպիսի զարգացմանը, եթե հանկարծ Դաշնակցությունը պնդեց Սահմանադրական բարեփոխումները եւ իրեն դուրս դրեց քառյակից։ Ըստ պատգամավորի, տեղի կունենա քառյակի մյուս ուժերի եւ հասարակության կոնսոլիդացիա, որի հետ ի դե պատրաստվում են խոսել. «Եթե ժողովուրդը գտնի, հասարակությունը զգա, որ Սահմանադրության փոփոխությունից է կախված արտագաղթի դադարումը, իր երեխայի կուշտ լինելը, տնտեսական ճգնաժամը երկրում առկա, եթե դրանք պայմանավորված են սահմանադրության փոփոխությամբ, ինքը կգնա, եւ որեւէ ուժ չի կարող դրա դեմն առնել»։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն էլ չշրջանցեց պատգամավորը։ Նրան ԲՀԿ-ի հետ կապողներին պարոն Մարգարյանը տեղեկացնում է, որ կուսակցությունը ունի ղեկավար. «Եթե առաջանա այս կամ այն տեղում գործընթացներ ծավալելու անհրաժեշտություն, ապա դա կլինի կուսակցության ղեկավարով»։