Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն այցելել է սահմանամերձ Այգեպար

Պաշտոնական
aygepar

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ: Ներկայումս Այգեպարի միջնակարգ դպրոցն ունի 39 աշակերտ, այս տարի դպրոց են հաճախել երեք առաջին դասարանցիներ: Նրանք գյուղատնտեսության նախարարին խոստացել են լավ սովորել և ուսման մեջ ունենալ բարձր առաջադիմություն: Դպրոցի լավագույն աշակերտներին պատվոգրեր հանձնելուց հետո, նախարար Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհավորել է աշակերտներին` փոխանցելով նրանց գրենական պիտույքներ, իսկ դպրոցին տրամադրելով համակարգիչ և մարզական գույք: ՀՀ գյուղատնտեսության նախարարն օժանդակել է նաև աշակերտների ծնողներին` հոգալով դասագրքերի ձեռքբերման ծախսերը: Նախարարը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի վերակառուցվող մասնաշենքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքի բնակիչների, ծնողների և ուսուցիչների հետ: Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Այգեպար համայնքի հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել նրանց որպիսությամբ և աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին: Այգեպար համայնքի բնակիչները նախարարին խնդրել են օժանդակել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման գործում: Նախարարը խոստացել է օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» մեջ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է մարզի «Մագա» ՍՊԸ, որը զբաղվում է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ: Նախարարն հանդիպել է գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում: Հաջորդ կանգառը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղում էր, ուր նախարարին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները: Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ այցի վերջին կանգառը «Իջևանի գինու և կոնյակի գործարանն» էր, ուր ընթացքի մեջ են պտուղ-բանջարեղենի մթերման և պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն և ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից և նրա հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Փոխտնօրենի խոսքով` թեև գործարանն ունեցել է արտադրանքի սպառման հետ կապված որոշակի խնդիրներ, սակայն այժմ, երբ Հայաստանի համար ստեղծվել են արտահանման ծավալները դեպի ռուսաստանյան շուկա ավելացնելու նախադրյալներ, կան մեծ հույսեր, որ իրենց արտադրնաքն այլևս լիովին կսպառվի: Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին