Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԺԵՂՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ

Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերջերս նվաճելով IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը` Յունիբանկի հրավերով մի քանի օրով ժամանել Հայաստան եւ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում պատմեց վերջին հանդիպման եւ առաջիկա ծրագրերի մասին:

26-ամյա Աբրահամը նշեց, որ ավստրալացի Շենոն Թեյլորի հետ մրցամարտում ցանկանում էր անպայման նոկաուտի ենթարկել մրցակցին, քանի որ մեծ առավելություն ուներ. «Բոլոր 12 ռաունդներում էլ ես առավելություն ունեի եւ մեծ էր նոկաուտի ենթարկելու ցանկությունը: Սակայն նա (Թեյլորը-խմբ.) ֆիզիկապես ամուր տղա էր եւ այս անգան ինձ չհաջողվեց նոկաուտով հաղթել»:

Արթուրը չմոռացավ նշել, որ չնայած հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, սակայն հաղթանակից հետո միշտ բարձրացնում է Հայաստանի եռագույնը. «Կազմակերպիչները թույլ չեն տալիս մրցամարտից առաջ էլ մեր դրոշով դուրս գամ ռինգ, բայց վերջում Հայաստանի դրոշն եմ անպայման բարձրացնում: Ցավալի է, որ ուրիշ երկրում ես հանդես գալիս, բայց դե` այդ երկրում են քեզ համար ստեղծում բոլոր հնարավորությունները, որպեսզի հաջողության հասնես»:

Մեր այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ Հայաստանում նույնպես ստեղծել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիա եւ հետեւել հայ տաղանդների գործունեությանը, Աբրահամը պատասխանեց. «Իրոք դրա կարիքը կա, քանի որ Հայաստանում մեծ թվով տաղանդավոր տղաներ ունենք, որոնք կարող են լուրջ հաջողությունների հասնել: Երբ վերջացնեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերաս, անպայման կզբաղվեմ այդ հարցերով»:

Ի դեպ, երեկ Արթուրը այցելել է կենտրոնում գտնվող Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոց, որտեղ ժամանակին սկսել է իր մարզումները: Այժմ դպրոցն անմխիթար վիճակումը է, եւ Աբրահամը պատրաստվում է հանդիպել տնօրենի հետ, որպեսզի քննարկի դպրոցի խնդիրները լուծելու հարցը:

Մայիսի 13-ին Արթուր Աբրահամը Գերմանիայում իր հերթական մենամարտը կանցկացնի, իսկ տարեվերջին նախատեսում է ԱՄՆ-ում հանդիպել միջին քաշային կարգի ճանաչված մարզիկների հետ. «Թվում է, թե հեշտ է հանդիպել ամերիկացի ճանաչված բռնցքամարտիկներին, սակայն այդպես չէ եւ դա կախված է մենեջերներից: Իմ մենեջերը առաջարկել էր Բեռնարդ Հոպկինսին եւ Ջերմեն Թեյլորին հանդիպում անցկացնել ինձ հետ, բայց նրանք հրաժարվել էին: Ոչ ոք չի ցանկանում կորցնել չեմպիոնական գոտին, սակայն, ինչպես հայտնի է, մրցավեճից հետո կողմերից մեկը վայր է դնում չեմպիոնությունը»:

Արթուրը խոսելով իր կրտսեր եղբայր Ալիկ Աբրահամի մասին, որը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եւ պատրաստվում է առաջիկա տարիներին պայքարել չեմպիոնական տիտղոսների համար, նկատեց. «Դեռ վաղ է, որ նա հանդիպումներ անցկացնի չեմպիոնի կոչման համար»: Ավագ Աբրահամը ավելացրեց նաեւ, որ երբեք եղբայրներով ռինգ դուրս չեն գա. «Դա բացառված է: Մեզ մի քանի անգամ առաջարկել են, սակայն հրաժարվել ենք: Մենք նույնիսկ մազրումների ժամանակ իրար հետ չենք մրցում»:

Վերջում, ասուլիսին ներկա «Յունիբանկի» վարչության տնօրեն Վարդան Աթայանը ասաց, որ Գերմանիայիում ներկա գտնվելով Աբրահամի վերջին հանդիպմանը եկել է այն եզրակացությանը, որը այնտեղ նա ավելի ճանաչված է` քան Հայաստանում, ուստի այս հարցում դեռ անելիքներ շատ կան: