Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը դատապարտում է. հայտարարություն

Պաշտոնական
46bac88843b1d2d49b6b37b7d118b8e6

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը հարուցված գործի «շրջանակներում» դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Հիշեցնենք, որ համաձայն այդ տեղեկատվության, Շիրակի մարզի ոստիկանապետը բռնություն էր գործադրել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:   Այս անհեթեթ դատական գործընթացի դեմ և ի պաշտպանություն ilur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի հանդես են եկել մի շարք կազմակերպություններ, այդ թվում ԵԱՀԿ-ն, Մամուլի ազգային ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլն: Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը և մեծ հաշվով լրագրության իմաստը: Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր: Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետևանքներ:   Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի կողմից իրավական առումով անգրագետ և լկտի հարձակումը վերը նշված լրատվամիջոցների վրա ունի մեկ նպատակ. կասեցնել կամ հնարավորինս բարդացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ների կողմից նույն վարչախմբի գործած հանցանքների ու ապօրինությունների հրապարակայնացումն ու լուսաբանումը, ինչպես նաև վախեցնելու միջոցով հետ պահել մյուս լրատվամիջոցներին նմանօրինակ գործունեությունից:   Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը և կոչ է անում Հայաստանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և լրագրողական ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին: