Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվերանայվի՞ արդյոք ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտվածի գործը (տեսանյութ)

Հասարակություն
susik-nkar

Կվերանայվի՞ արդյոք ցմահ ազատազրկման դատապարտված արցախյան ազատամարտի մասնակից Սողոմոն Քոչարյանի գործը, պարզ կդառնա օգոստոսի 25-ին։ Այսօր Երևանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանում լսվեց ազատամարտիկ, 1995 թ-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության որոշման: 19 տարի անց նոր երևան եկած հանգամանքի հիմքով Գլխավոր դատախազություն էր դիմել «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նա դիմումի հիմքում նշել է, որ 1995 թ-ին Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրանքը Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանը հայտարարել է, որ Գլխավոր դատախազության վրա 19 տարի առաջ ճնշում է գործադրել Իրանի դեսպանը: Նա պահանջել է մահապատժի դատավճիռ, հակառակ դեպքում` սպառնացել քաղաքական սկանդալ բարձրացնել: Գլխավոր դատախազությունը, որքան էլ զարմանալի է, Ժիրայր Խառատյանի հայտարարության մեջ նոր երևան եկած հանգամանք չի նկատել եւ մերժել է «Հետքի» խմբագրի դիմումը՝ նոր վարույթ սկսելու մասին։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում եւս հայտարարեց, որ գործ ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ եւ այն կամայական չպետք է վերանայվի։ Հելսինկյան կոմիտեի իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի խոսքերով՝ այս գործի վրա աչք փակելը նշանակում է հարվածել մեր արդարադատության ողնաշարին. «Մենք կանաչ լույս ենք վառում թե դատախազի եւ թե դատարանի վրա, նրանց վրա կարող են ազատ ձեւով ներգործություն ունենալ, իսկ եթե բացահայտվի, որեւէ հետեւանք չի կարող ունենալ»։ Իսկ Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը, դեռ հույս ունի, որ մի օր որդուն կտեսնի ազատության մեջ։ Այս տարիների ընթացքում Սողոմոն Քոչարյանը զրկվել է նաեւ իր ընտանիքից ՝ կինը մահացել է, իսկ 19- ամյա դուստրը ինքնասպան է եղել։