Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում եզդիների կենտրոն կգործի (տեսանյութ)

Հասարակություն
եզդի

Երևան քաղաքում այսուհետ 5 ամիս շարունակ կգործի եզդիերեն լեզվի և եզդիների պատմության ուսուցման կենտրոն: Կենտրոնը հիմնվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Այսօր կենտրոնի բացմանը եկել էին եզդի երիտասարդներ, պատանիներ և նրանց ծնողները: Բացմանը մասնակցում էր նաև Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրեսը: Փոխդեսպանը ողջունեց ծրագրի մասնակիցներին և հաջողություն մաղթեց նրանց հետագա դասընթացներում. «Մենք աջակցելով ծրագրերին՝ կարևորում ենք արձանագրված արդյունքները և շատ ուրախալի է, որ այս ծրագիրը արդեն իսկ տվել է իր արդյունքը, և իմ ձեռքին է եզդիերեն-հայերեն բառարանը: Մաղթում եմ հաջողություն ձեզ և կարծում եմ, որ դեռ էլի համագործակցելու առիթներ կունենանք»,-ասաց պարոն Մուրեսը: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիայի դեսպանությանը . «Մի քանի ամիս անց մենք կտեսնենք արձանագրված արդյուքները, որոնց հիմքերը հիմա ենք դնում: Կարևոր է, որ մեր երեխաները և երիտասարդները կարողանան տեղեկանալ իրենց պատմությանը և սովորեն մայրենի լեզուն»,-ասաց Բորիս Մուրազին՝ հավելելով, որ մասնակիցները դեկտեմբեր ամսին ստուգողական հանդեսով կներկայանան և ցույց կտան այն՝ ինչ սովորել են: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ռուզաննա Շավրեշյանը կարևորեց ծրագիրը և վստահեցրեց, որ նման ծրագրի կարիք իրականում կար Երևան քաղաքում. «Լավ կլինի, որ եզդի երեխաները և երիտասարդները ծանոթանան իրենց լեզվին և պատմությանը: Այս կերպ մենք կկարողանանք նաև այլազգի մեր ընկերներին պատմել մեր ժողովրդի և նրա պատմության մասին»,-ասաց Ռուզաննա Շավրեշյանը: