Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթն ու ընկերները մրմռացրել են ոստիկանների աչքերը (տեսանյութ)

Քաղաքականություն
shant31

Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյան եւ ընկերներ գործով ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում։ Այսօր նա դառնում է 26 տարեկան։ Մոր խոսքերով՝ առաջին անգամ է, երբ որդու ծննդյան օրը միասին չեն նշում։ Այսօր տիկին Լուսյան միայն մեկ ցանկություն ունի. «Շուտափույթ տուն վերադառնա եւ իր ընտանիքի կողքին լինի, փոքրիկն անհամբեր սպասում է նրան։ Ընդամենը 5 օրեկան էր, որ ինքը բռնվել է, վաղը երեխան կլինի 9 ամսեկան»,- «Ա1+»-ին ասաց Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը։   Այսօր կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով տուժող 6 ոստիկանները։ Նրանք բոլորն էլ նշեցին, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին մարմնական վնասվածքներ չեն ստացել, պարզապես պայթուցիկներից նրանց աչքերն են մրմռացել։ Նրանք անգամ բժշկի չեն դիմել։ Իսկ Շանթ Հարությունյանը իր ընկերներին կոչ էր անում ոստիկաններից եւ ոչ մեկին հարց չտալ։ Պաշտպան Արա Զաքարյանը համոզված է՝ տուժողների ցուցմունքով ամբաստանյալների մեղքը չի հիմնավորվում. «Տուժողները զգացվում է, որ պատրաստված են եկել, բայց, երևի թե, մոռացել են մի քիչ տեսանյութերը ուսումնասիրել, որպեսզի գոնե ցուցմունքները ինչ- որ չափով համապատասխանեն տեսանյութերին»։ Նրա խոսքերով՝ որեւէ պահանջ չի հնչեցվել փողոց դուրս չգալու համար եւ երթը խաղաղ է եղել։ Այդ պարագայում ոստիկանները պարզապես պարտավոր էին աջակցել երթի մասնակիցներին. «Ամբաստանյալներն իրենց իրավունքն են իրացրել, իսկ ոստիկանները, ինչպես փորձում են մեղադրանքում նշել, չի եղել իրավաչափ եւ չի եղել օրենքից բխող։ Ընդհարումները սկսեցին Գեղամ Խաչատրյանի ակնհայտ անօրինական գործողությունների արդյունքում»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը։ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։