Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ թրաֆիքինգի սկզբնաղբյուր և տրանզիտային երկիր (տեսանյութ)

Հասարակություն
trafiking

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի որոշմամբ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը։ Ինչպես նշեց ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ի տարբերություն հարևան երկրների, որոնք թրաֆիքինգի դեմ պայքարում իրենց արդյունավետությամբ երկրորդ կամ երրորդ փուլում են, Հայաստանը առաջին փուլում է։ Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը նշեց. «Վերլուծությունը ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ Հայաստանը թրաֆիքինգի առումով սկզբնաղբյուր երկիր է, սակայն վերջին տարիներին արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը որպես տրանզիտ երկիր օգտագործելու դեպքեր»։ Պարոն Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին ավելի ուշադրություն է դարձվում հարկադիր աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտմանը։ Ըստ նրա տվյալների՝ 2012 թվականից մինչև 2014 թվականի առաջին կիսամյակը թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, որից հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 39 անձ, 28-ը՝ կին, իսկ 14-ը հանցագործության կատարման ժամանակ եղել է անչափահաս։ Այդ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի։ «Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը գնալով նվազում են, և այդտեղ մեծ է մարդկանց իրազեկվածության և զգուշավորության լուման»,- համոզված է Ռոբերտ Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը նշեց նաև, որ թրաֆիքինգի ենթարկվում են ինչպես կանայք և երեխաները, այնպես էլ տղամարդիկ՝ աշխատանքային շահագործման հետ կապված։ ՄԱԿ-ը որոշել է թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ ընտրել երկնագույն սիրտը։