Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանի կոչը՝ ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ

Քաղաքականություն
himnadram

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը: Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը: Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի. 1) մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար, 2) Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով, 3) ստեղծել և գործադրել տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն և այլն), 4) ապահովել հալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը, 5) ձևավորել վարչախմբի հեռացման և դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և գործունեությունը: Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը: