Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսանտի դին հնարավոր է տանեն Ադրբեջան

Քաղաքականություն
39d3be5c7312e573f60267619fe69684

Ադրբեջանցի մահացած դիվերսանտին հուղարկավորել են Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, կազմակերպության անդամները ներկա են գտնվել հուղարկավորությանը եւ դիմել են մահացած ադրբեջանցի քաղաքացու դիակը իր հարազատներին հանձնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է մյուս 2 դիվերսանտներին, ապա Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են նրանց հետ։ Վերջիններս նամակներ են փոխանցել իրենց հարազատներին։ Հնարավո՞ր է արդյոք, որ հայ եւ ադրբեջանցի ռազմագերիներ փոխանակվեն. հարցին հաղորդակցման ծրագրերի ղեկավարը պատասխանեց՝ իրենք փոխանական ծրագրով չեն զբաղվում։ Անդրադառնալով Տավուշի մարզում՝ Չինարիի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ հնչեցրած կրակոցներին՝ Զառա Ամատունին հաստատեց, որ փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել, նրանք պետք է հետեւեին, որ բերքահավաքի շրջանում կրակոցներ չհնչեին։ Սակայն կրակոցներ հնչել են, եւ նույնիսկ վնասվել են նրանց դրոշն ու մեքենայի ապակին։ Հայկական կողմը պատասխան կրակոցներ է արձակել։ Իսկ Կարմիր Խաչի ներկայացուցիչները լքել են տարածքը։