Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ ձեռնտու չէ էժան էլեկտրաէներգիան

Հասարակություն
81b9a97ac1ac560d565bf3250f53d0c5

Ինչպե՞ս Հայաստանում զարգացնել այլընտրանքային վերականգնվող էներգետիկան: Այս հարցն էր հուզում «Էկոլուր» մամուլի ակումբում կազմակերպված քննարկման մասնակիցներին: Նրանք ուղիներ են փնտրում էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումներին ընդառաջ` այլընտրանքային տարբերակների օգտագործման առումով: Ըստ նրանց՝ այսօր շատերը տեղյակ չեն, որ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր արդեն ձեռնարկվում են, թեեւ քաղաքական գործիչների կողմից կա անտարբերություն, մինչդեռ Եվրոպայում վաղուց անցել են այլընտրանքային էներգետիկային: Ի դեպ, այսօրվա բանախոսների շարքում պետք է լինեին ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանն ու «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Նրանք տարբեր պատճառաբանություններով չներկայացան քննարկմանը: ՀՀ-ում արեւային էներգետիկայի զարգացման ջատագով եւ ՀՀ-ում հոլիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն հայտարարեց, որ ինքը որպես գիտնական, վատ է զգում, որ մեր իշխանությունները չեն ուզում որեւէ բան անել տնտեսության զարգացման համար եւ ուշադրություն դարձնել արեւային էներգետիկայի զարգացմանը. «Սա տեխնիկական չէ, այլ քաղաքական խնդիր է: Ժամանակին դիմել եմ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որ արեւային սարքավորումները մասսայականացնեն: Նա ոչ մի քայլ չձեռնարկեց, հիմա նրա կուսակցությունը անհասկանալի հանրահավաք է անում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման»: «Տեխնեկո» այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների արտադրական ձեռնարկության տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանը նկատեց՝ էներգաէֆեկտիվությունը մի ապրելաձեւ է, առանց որի հնարավոր չէ ապրել. «Ժամանակին մեծ միջոցներ են ծախսվել էներգետիկայի համար. եթե վաղը չենք ուզում խեղդվել օդի պակասությունից, մենք պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք ապագայում»: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի նախագահ Թամարա Բաբայանի կարծիքով էլ մենք բավականին առաջ ենք գնացել մեր վերականգնող էներգետիկ ռեսուրսների առումով, ինչպես նաեւ՝ օրենսդրական նպաստավոր դաշտ կա, մնում է այն օգտագործել: