Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում կլինի Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը

Հասարակություն
ccf9d5e807a19835648176cf5d4bcc7c

Հուլիսի 24-ին՝ ժամը 20.30-ին Արարատյան Հայրապետական Թեմի եկեղեցասեր երիտասարդներն Ազատության հրապարակում կազմակերպելու են միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այն «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի երրորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները՝ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ, բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն: Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված: Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): Երկրորդ միջոցառումը՝ հունիսի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, ուր կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Հաջորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան