Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չգիտեմ». Ոստիկանության մայորը՝ 928 կգ հերոինի մասին (տեսանյութ)

Հասարակություն
55

2014թ հունվարի 18-ին Ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինն առայժմ չի ոչնչացվել: Այն գտնվում է Ազգային անվտանգության վերահսկողության տակ: Այս մասին այսօր հայտարարեց Ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը։ Նա հերքեց այն լուրերը, թե առգրավված թմրանյութի մոտ 10 տոկոսը չի համարվել հերոին: Սակայն քիչ անց, երբ նա հրապարակում էր 2014թ. առաջին 5 ամիսներին Ոստիկանության կողմից ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների տվյալները, պարզվեց, որ իրավապահների կողմից այս տարի առգրավվել է ընդամենը` 850կգ 191 գրամ հերոին: Իսկ «Ա1+»-ի այն հարցին , թե այդ դեպքում ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, մայոր Սահակյանը պատասխանեց. «Չգիտեմ»: Խոսելով սինթետիկ թմրամիջոցների ներկրման և դրանց ապօրինի շրջանառության մասին՝ Տիգրան Սահակյանը նշեց, որ այս հարցում դեռ շատ անելիքներ կան: Օրինակ, սփայս տեսակի սինթետիկ թմրանյութը դեռևս չի արգելվում Հայաստանում, սակայն ոստիկանությունը կատարում է աշխատանքներ և առաջիկայում կթարմացվի թմրամիջոց համարվող նյութերի ցանկը, որտեղ կներառվեն նաև սինթետիկ թմրամիջոցների շատ տեսակներ, այդ թվում նաև՝ սփայսը: Իսկ մեր այն հարցին, թե երբ վերջապես սփայսը կարգելվի Հայաստանում և ինչու է այդ թմրամիջոցի արգելումն այսքան ձգձգվում, պրն Սահակյանը կրկին նույն պատասխանը տվեց. «Չգիտեմ, ես իրավասու չեմ պատասխանել»: Հիշեցնենք, որ սփայս տեսակի թմրանյութերին «Ա1+»-ն անդրադարձել էր դեռևս այս տարվա մարտի 19-ին , որտեղ փոխգնդապետ Արթուր Մինասյանը նույնպես խոստացել էր, որ մոտ ժամանակներս հարցն անպայման կլուծվի: