Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահականի դիմաց նստացույց անող Խուդոյանն օգտագործում է իր երեխաներին»

Հասարակություն
Xudoyan1

Մարտի 17-ից Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց ընտանիքի հետ նստացույց իրականացնող  Աշոտ Խուդոյանի քույրը «Ա1+» հետ զրույցում հայտարարեց, որ իր եղբայրը խեղաթյուրում է իրականությունը: Հիշեցնենք` վերջերս «Ա1+»-ը զրուցել էր Էջմիածնի բնակիչ, նախագահականի դիմաց նստացույց անող Աշոտ Խուդոյանի հետ, ով հավաստիացնում էր, որ քույրն ու մայրը խլել են իր սեփականությունը: Խուդոյանների ընտանիքը տուն ունի Էջմիածին քաղաքի Շահումյան 27 հասցեում, որը, Աշոտ խուդոյանի խոսքերով, պապի կողմից կտակվել է իրեն և եղբայրներին. «Ոչ, իրականում մենք Աշոտին իր տարածքից չենք հանել, ինքն ունի հասանելիք տարածք: Տարածքի մի մասը պապս նվիրատվություն է արել ինձ ու մորս, իսկ մյուսը` իմ եղբայրներին, այդ թվում` նրան, սակայն Աշոտը ցանկանում է ամբողջը սեփականացնել»,- ասաց Աշոտ Խուդոյանի քույրը` Մարիետա Խուդոյանը: Նախագահականի դիմաց նստացույց իրականացնող Խուդոյանները պնդում են, որ պետական կառույցները կեղծում են իրենց սեփականության վերաբերյալ փաստաթղթերը, տիկին Մարիետան հակադարձում է. «Ես ոչ մի տեղ այդ թղթերի ետևից չեմ գնացել, թղթերը օրինական են, կեղծիք չկա: Նա ստում է, որովհետև փոքրուց եղել ա ոչ լիարժեք անձնավորություն, 3 անգամ դատվել է խուլիգանության համար»: Տիկին Մարիետային նաև անհանգստացնում է այն հանգամանքը, որ Աշոտ Խուդոյանը նստացույց է իրականացնում կնոջ և մանկահասակ 4 երեխաների հետ. «Այդ երեխաներն ի՞նչ մեղք ունեն, ես չեմ հասկանում: Նա խղճահարություն է ուզում առաջացնի և մանուկներին որպես զենք է օգտագործում»: Այդուհանդերձ մեր զրուցակիցը նշեց, որ ներկայումս իրեն հասանելի տան հատվածը բռնի ուժով եղբայրը խլել է. «Աշոտը, առանց ինձ հարցնելու, իմ տարածքի երկու սենյակը քանդել է, երբ որ ես ոստիկաններին դիմում գրեցի, ասացին, որ իրան կկալանավորեն, սակայն ես նրան խղճացի և միայն խնդրեցի, որ մյուս տարածքներին չկպնի: Ես ոչինչ չէի անի, եթե նա տունը շենացներ, սակայն նա հակառակն է անում, քանդում է իմ հայրական տունը»,- զայրույթով ասաց տիկին Մարիետան: