Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուդոլֆ Խառատյանը չի նեղացել (տեսանյութ)

Հասարակություն
Rudolf

Ռուդոլֆ Խառատյանն այլեւս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը չէ։ Թատրոնի փրկությունը նա գերադասում է իր պաշտոնից. «Նեղ մի խմբով հանդիպեցինք ու որոշեցինք, որ ես պետք է նահանջեմ։ Ես հիմա ազատ պարուսույց եմ։ Ամենալավ լուծումը սա էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ռուդոլֆ Խառատյանը։ Թատրոնում Ռուդոլֆ Խառատյանի եւ ստեղծագործական խմբի միջեւ հակասությունները ծագել են երկու տարի առաջ, այն բանից հետո, երբ բալետմայստերը պարողների որակավորում անցկացրեց։ Այսօր արդեն ազատ պարուսույց Ռուդոլֆ Խառատյանն ասում է՝ թատրոնում ստեղծված իրավիճակի մեղավորներին պետք է փնտրել նաեւ դրսում։ «Նրանք թվացյալ մշակույթի գործիչներ են, բայց մշակույթի մեջ ուզում են քաղաքական շարժումներ անել եւ սա շատ տխուր է եւ որոշում են, որ սա էսպես պետք է լինի, որովհետեւ տեսլական չկա, չունեն, իրենք նեղ սահմանների մեջ են եւ Հայաստանի սահմաններից դուրս չեն եկել»։ Այսօր էլ պարոն Խառատյանը շարունակում է պնդել, որ հայկական բալետը ցանկանում է հասցնել համաշխարհայինի մակարդակի. «Գրանդ Օպերայի մակարդակին, Նյու-Յորք սիթի բալետ, Լոնդոն։ Բալետը բալետ է»։ Բալետմայստերը հայկական թատրոնի փրկության գործում կարեւորում է նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի դերը. «Ես վախենում եմ, որ իր խորհրդատուները բալետի մեջ սխալ մարդիկ են, կամ սահմանափակ մարդիկ են, կամ Հայաստանից ոչ էնկողմ տեսնող, բալետի գաղափարը չիմացող մարդիկ են»,-ասաց Ռուդոլֆ Խառատյանը։ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր նաեւ ֆինանսական խնդիրներ ունի, որի մասին, ի տարբերություն շատերի, Ռուդոլֆ Խառատյանը չի լռում. «Օրինակ՝ մի ներկայացման համար, ասենք՝ Աիդա օպերայի համար հատկացվել է 600 մլն դրամ, Սպարտակ բալետի համար՝ 400 մլն դրամ, իսկ Ռոմեո-Ջուլիետ բալետի համար՝ 40 մլն դրամ։ էդ ոնց ա լինում, ոնց են որոշում՝ որ ներկայացումն է ավելի լավը։ Աիդային տված գումարով կարելի էր տասը հատ օպերա բեմադրել»։ Պարոն Խառատյանը խոստանում է՝ չի հեռանալու Հայաստանից եւ շարունակելու է պայքարել հայկական բալետի փրկության համար. «Իմ երկրից ես չեմ կարող նեղանալ, էն նույն մարդկանցից, ովքեր ստորագրություններ են հավաքել, չէ, երբեք։ Եթե իրանք իմանային, թե ես ուր էի տանում, իհարկե իմ հետեւից կգային»,-եզրափակեց բալետմայստերը։