Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաստ է, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն». թուրք գործիչ (տեսանյութ)

Քաղաքականություն
hay-turk

Թուրք ժողովուրդը անտեղյակ է եղել իր իսկ պատմությանը, Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն սկսել է խոսել միայն Հրատ Դինքի սպանությունից հետո: Այսօր Երեւանում հայտարարեց թուրք հասարակական գործիչ Ադնան Գենչը։ Նա եւ իր գործընկերները՝ պատմաբան Բյուլենդ Բիլմեզը, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 99- ամյակի միջոցառումներին մասնակցելու եւ Ծիծեռնակաբերդ այցելելու համար։ Թուրք գործիչներն ասում են նաեւ՝ ժխտողական քաղաքականությունը Թուրքիայի հանրապետության ստեղծման օրվանից պետության ժառանգած քաղաքականությունն է. «Փաստ է այն, որ հարյուր տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն, ակադեմիական շրջանակներում բոլորը գիտեին Հայոց ցեղասպանութան մասին, բայց քաղաքական կուսակցությունները իրենց օրակարգում նախկինում չունեին ցեղասպանութան հարցը։ Այսօր մենք արդեն խոսում ենք դրա մասին ու պահանջում, որ սփյուռքահայության քաղաքացիական իրավունքը վերականգնվի»,- ավելացրեց Ադան Գենչը։ Թուրք քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասն էլ իր հերթին նշեց, որ կարևորն այն է, որ հայ-թուրք գործիչներն իրար ձեռք են մեկնել, կարևոր է, որ այդ ձեռքերը չմնան օդում: «Հայ-թուրքական սահմանի բացման համար անհրաժեշտ է առաջին հերթին մարդկանց ուղեղներն ու մտքերը բացել: Մենք կողմ ենք երկխոսությանը, քանի որ հիմա իրար «մոտենալու» միակ տարբերակը դա է»,-ասաց Ուրասը` հավելելով, որ Թուրքիա վերադառնալուն պես պետք է Անկարա գնա և զեկուցի այստեղ արված քայլերի մասին: Խոսելով այսօր Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Ադնան Գենչը ասաց. «100 տարի հետո էլ Քեսաբի միջոցով Թուրքիան երկրորդ տեղահանությունն է իրականացնում: Մենք օրերս այցելել էինք Թուրքիայի միակ հայկական գյուղը, որտեղ պատսպարվել են մի շարք քեսաբցիներ, մենք նրանց մեր զորակցությունը հայտնեցինք: Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը մեր կուսակցության օրակարգում է»։