Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՍՏ ՄԻԱՄԻՏՆԵՐԻ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԿՍԵԼ Է ԼԱՎ ԱՊՐԵԼ

Տնտեսություն

60-ից 70 միլիարդ դրամի է հասնում ստվերային շրջանառությունը պետեկամուտների եւ մաքսային ոլորտներում:
Այս տվյալները երեկ հրապարակել էր պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն Մաքսային Պետական Կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը չի համաձայնում, որ այդ ստվերային շրջանառության գոնե կեսը բաժին է ընկնում իր ղեկավարած ոլորտին. «Փառք Աստուծո մենք գիտենք, թե որ դեպքերում են լինում խախտումները, գիտենք պայքարելու մեխանիզմները եւ կարող ենք պայքարել ստվերայնության դեմ: Եթե ասեմ, որ մեզ մոտ ընդանրապես ստվեր չկա աբսուրդ կլինի: Կա այդ ստվերը»:

Արմեն Ավետիսյանն, այնուամենայնիվ, իր բերած տվյալներով փորձեց ցուցադրել, որ իրավիճակը բարելավվում է ոչ միայն մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում, այլեւ ողջ Հանրապետությունում: Վերջինս ապացուցելու համար պարոն Ավետիսյանը մի հետաքրքիր դատողություն արեց: Այս տարվա օպերատիվ տվյալներով մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվել եւ մաքսազերծվել մոտ 14 000 ավտոմեքենա` նախորդ տարվա համեմատությամբ 2 անգամ ավելի: Իսկ դա, ըստ Արմեն Ավետիսյանի, նշանակում է. «Եթե ավտոմեքենաների ներկրումը շատացել է, ուրեմն դրանք վաճառվում են եւ դրանց պահանջարկը կա: Ուրեմն հայ ժողովուրդը սկսել է լավ ապրել»,- միամտորեն համոզված է Մաքսային Պետական Կոմիտեի ղեկավարը:

Կոմիտեի աշխատանքը գնահատելու համար նշվեց, որ անցյալ տարվա համեմատությամբ այս տարվա առաջին կիսամյակի պլանը գերակատարվել է մոտ 3 տոկոսով, այսինքն` պետբյուջե է մուտքգրվել 41 միլիարդ 154 միլիոն դրամ:

Տարբեր երկրների հետ ապրանքաշրջանառությանը հետեւող Մաքսային Պետական Կոմիտեի տվյալներով նվազել է թանկարժեք քարերի, մետաղների, սննդամթերքի, ոգելից խմիչքների ներկրումը Հայաստան:

Ապրանքաշրջանառության առումով` տվյալների համաձայն, Հայաստանի հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Սակայն Հայաստանն ապրանքաշրջանառություն ունի աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, նույնիսկ Աֆրիկայի:

Ինչ վերաբերում է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանվող ապրանքներին, ապա դրանց ցանկի մեջ են մտնում միայն ոսկյա եւ արվեստի արժեքավոր իրերը:

Ի դեպ, Մաքսային Պետական Կոմիտեի ղեկավարը տվյալներով փորձեց նաեւ ապացուցել, որ բենզինի եւ շաքարավազի ներկրման գործում Հայաստանում չկա մենաշնորհային կազմակերպություն: Հայաստան բենզին է ներկրում` մոտ 11, իսկ շաքարավազ` 12 կազմակերպություն: Պարզապես, ըստ Արմեն Ավետիսյանի, կան կազմակերպություններ, որոնք արդեն մասնագիտացվել են ներկրման այդ ոլորտներում: Այդ պատճառով էլ ապրանքների ներկրման հիմնական մասնաբաժինը իրենց է պատկանում եւ ոչ մի նոր կազմակերպություն չի դիմանում այդ մրցակցությանը: